«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այս պահին բուժվում է 40 հիվանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Նախարարի այցն անսպասելի էր ոչ միայն բժշկական կենտրոնում բուժում ստացողների, այլև ղեկավարության համար:

Արմեն Մուրադյանը դիսպանսեր հսկողության բաժանմունքում զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով: Նախարարի հետ զրույցում քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին գոյացող հերթերից, ծառայության գերծանրաբեռնվածությունից:

Նախարարը հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանին խիստ հանձնարարականներ տվեց: Հիվանդների համար կենտրոնի ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով քննարկվեց` դիսպանսերային ծառայությունը Երևանի վարչական շրջանների պոլիկլինիկաներ տեղափոխելու, կադրային, ինչպես նաև հիվանդասենյակների թերհագեցվածության խնդիրները:
Քննարկվեց նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների` հոգեկան առողջության կենտրոններ պարբերաբար համայցերի կատարումը` հետազոտություններ և խորհրդատվություն իրականացնելու նպատակով:

Արմեն Մուրադյանը նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ եղավ նաև երկրորդ բաժանմունքում, ուր այս պահի դրությամբ բուժում է ստանում 40 հիվանդ: Նախարարն այցելեց նաև ճաշարան, ծանոթացավ մատուցվող սննդի պահպանման ժամկետներին, ճաշացանկին:

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբանասոցիալական և արտթերապևտիկ ամբուլատոր բաժանմունքում նախարարին ներկայացվեցին իրականացվող ծառայությունները, հիվանդների բուժման ժամանակակից մեթոդները:




Լրահոս