Ավարտվել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:ԵԱՀԿ-ն հանդիպման ավարտից հետո հայտարարությամբ է հանդես եկել: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:Արտգործնախարարները համանախագահների հետ աշխատանքը շարունակելու և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու` իրենց վճռականությունն են հայտնել: Նրանք նաև փոխվստահության ավելացմանն ուղղված միջոցառումների իրականացման պատրաստակամություն են հայտնել, որոնք կարող են բարելավել բանակցային մթնոլորտը: Համանախագահները նախարարների հետ քննարկել են հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև հետագա աշխատանքները` հումանիտար ոլորտում, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմների ուսումնասիրման, պատմական և մշակութային նշանակության կառույցների պահպանությանն առնչվող հարցերում: Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և ընդգծել են 1994 թ-ին հաստատված հրադադարի համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումն ընթացել է դրական, կառուցողական մթնոլորտում: Համանախագահները պատրաստվում են նաև այցելել տարածաշրջան:




Լրահոս