Այդ տղան ո՞վ է, ազնվությամբ, սֆաթն էլ չեմ տեսել. Սուրիկ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կապանի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Կարապետյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե առողջական խնդիր ունի եւ այդ պատճառով է ձեռքը բռնած մարզպետի աշխատասենյակից դուրս եկել. «Ես մարզպետի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, ինչու պետք է մարզպետի մասին վատը խոսեմ, որ ինձ ծեծեն: Ընդամենը գնացել եմ նրա հետ հանդիպման, քանի որ մի մարդ կար, որն աշխատանքից ազատվել էր, եւ մարզպետն ասաց, որ կարող ենք նրա աշխատանքը վերականգնել, ընդամենը խնդիրը դա է եղել: Ես էլ առողջական խնդիր ունեմ, ձեռքս լավ չի աշխատում, այդպես դուրս եմ եկել մարզպետի աշխատասենյակից, մտածել են, թե ինչ է եղել, չի կարելի, էլի»:

Նկատենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Սյունիքի մարզում Սուրեն Խաչատրյանի վերանշանակումից հետո աղմկահարույց պատմությունները շարունակվում են թափ հավաքել: Երկրորդ անգամ մարզպետ նշանակված Սուրեն Խաչատրյանը նախ սկսեց մարզպետարանը մաքրել իրեն ոչ ցանկալի անձանցից: Բանն այն է, որ իբր իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել էին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշոտ Մարդյանը:

Դրանից հետո՝ 2014թ. դեկտեմբերի 10-ին, նախախորհրդարանը հայտարարություն էր տարածել, թե. «Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, նախախորհրդարանի՝ Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ: Գեւորգ Գասպարյանից մերժում ստանալով՝ Զարզանդ Նիկողոսյանը փոխել էր խոսակցության թեման ու տոնայնությունը՝ նրան մեղադրելով «պետությունը քանդելու» մեջ, եւ պահանջել էր դադարեցնել ռեժիմի դեմ գործողությունները՝ սպառնալով սպանել նրան»:

Այս դեպքից հետո դեռեւս քրեական գործ չի հարուցվել. ինչո՞ւ: Հարցի պատասխանը նախ փորձեցինք ստանալ Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Կապանում նախախորհրդարանի թռուցիկները բաժանելուց հետո. «Սա առաջին դեպքն էր, որ նման բան պատահեց: Զարզանդ Նիկողոսյանն ասում էր, թե դադարեցրեք թռուցիկները բաժանել, իսկ հետո սկսեց սպառնալ»: Դեպքից հետո Գասպարյանը եղել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում եւ այնտեղ հայտարարել, որ խնդրի լուծումը տեսնում է համակարգից դուրս: Իսկ թե ինչո՞ւ հայտարարություն չի տվել հանցագործության մասին, Գասպարյանն այսպես բացատրեց. «Այս դեպքից հետո մարզպետարանից զանգահարել եւ Զարզանդի անունից ներողություն են խնդրել, որ այդպիսի բան չի կրկնվի, ուղղակի նա զայրացած է եղել: Եթե անընդհատ այս թեման շահարկենք, կարող է մի օր էլ շքամուտքի մոտ խփեն: Ոչ թե վախենում եմ այս թեման շահարկելուց, այլ շատ անելիքներ ունեմ: Ես հիմա նորմալ իմ գործունեությունը շարունակում եմ, եւ իմ գործունեությունը կարող են դադարեցնել միայն ինձ սպանելով»:

«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ինչ է կատարվում մարզում, հերիք չէ՝ մարդկանց ստիպում եք դիմում գրեն, ազատվեն, հիմա էլ տեղեկություններ են տարածվել, որ Կապանի թիվ երկու դպրոցի տնօրենին եք ծեծի ենթարկել Ձեր աշխատասենյակում:

-Մի բան ասեմ՝ մարդիկ կան, որ ռեկլամի կարիք ունեն ու իմ միջոցով ուզում են իրենց ռեկլամ անեն, էլի:

-Ինչո՞ւ Ձեր միջոցով, միգուցե առիթը ստեղծել եք:

-Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն եւ փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն:

-Բայց ինչու են լուրեր շրջանառվում, թե Կապանի երկրորդ դպրոցի տնօրենին եք Ձեր աշխատասենյակում ծեծել, ու տնօրենը, ձեռքը մի կերպ բռնած, դուրս է եկել:

-Ամո՛թ է, ամո՛թ, չի կարելի, էլի: Դուք այդ չարախոսներին ասեք՝ ինչ եք ուզում այդ մարդուց:

-Ձեր օգնական Զարզանդ Նիկողոսյանի սպառնալիքը, թե կսպանի նախախորհրդարանի՝ Կապանի գրասենյակի պատասխանատու Գեւորգ Գասպարյանին, եւս չարախոսությո՞ւն եք համարում:

-Հավատացեք՝ չի սպառնացել, այդ տղան ով է, չեմ էլ ճանաչում, ազնվությամբ, սֆաթն էլ չեմ տեսել: Երեւի ռեկլամի կարիք ունի եւ փորձել է մեր միջոցով իրեն ռեկլամ անի:

 

Քնար Մանուկյան




Լրահոս