ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Ավանգարդ» բժշկական կենտրոն:
2012թ. հիմնադրված բժշկական այս կենտրոնը մասնագիտացած է ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության ոլորտում:
Կենտրոնի հիմնադիր, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց բաժանմունքներով, եղավ լաբորատորիայում, այցելեց վիրահատարան: Այցի շրջանակում մասնագետների հետ քննարկվեցին պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող խնդիրները: Անդրադարձ կատարվեց կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին:
Կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, վիրահատարանները և վերակենդանացման սրահը կահավորված են եվրոպական չափանիշներով:
Այստեղ աշխատում են հանրապետության առաջատար մասնագետներ, ովքեր վերապատրաստում են անցել ԱՄՆ-ի և Եվրոպայի կլինիկաներում: Կենտրոնում բուժումն իրականացվում է ամերիկյան և եվրոպական չափանիշներով: Արտասահմանյան մի շարք կլինիկաների համագործակցության շրջանակում իրականացվում են մասնագետների փոխադարձ այցելություններ, ինչը հնարավորություն է տալիս հիվանդների զննումը և բուժումը արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպել Հայաստանում:
2013 թվականին, աշխարհում հայտնի ԱՄՆ Պիտսբուրգի համալսարանի և Իսպանիայի բջջային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների աջակցությամբ բժշկական այս կենտրոնում հիմնվեց ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության կլինիկան, որտեղ ձեռք բերված նորագույն սարքավորումների միջոցով հնարավոր դարձավ սեփական ճարպից ստացված բջիջների օգնությամբ կատարել ինչպես վերականգնողական, այնպես էլ էսթետիկ վիրահատություններ՝ առանց կտրվածքների և սպիների: