«40 տարեկան ես, կա՛մ ամուսնացի, կա՛մ պահանջմունքներս բավարարի». եղբորից վիրավորված և նրան սպանած քույրը գոհ է դատավճռից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Վանաձորի 40-ամյա բնակիչ Տարոնուհի Ավետիսյանի և նրա պաշտպան Սասուն Մխթարյանի բողոքը:

Տեղեկացնենք, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, որոշվել է Տարոնուհի Ավետիսյանին դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով՝ եղբորը՝ Գարեգին Ավետիսյանին սպանելու մեղադրանքով:

Դատարանը որոշել է սահմանել մեղմ պատիժ՝ ելնելով դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացություններից, որոնց համաձայն՝ Տարոնուհին եղբորը դանակահարել է հոգեպես ճնշված վիճակում:

Այսպես, Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Տարոնուհի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Վանաձորի իր տանը եղբոր` Գարեգին Ավետիսյանի հետ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ դանակով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին: Նույնը կրկնվել է երկու ամիս առաջ, այս անգամ՝ ճակատագրական ավարտով: Տարոնուհին մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել եղբորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Առաջադրված մեղադրանքներում Տարոնուհի Ավետիսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասամբ և հայտարարել է, որ եղբայրն է իրեն դրդել նման քայլի գնալ՝ մշտապես սեռական հարաբերություն ունենալու առաջարկներ անելով, հայհոյելով և այլ նվաստացումների արժանացնելով: Քրոջ խոսքով՝ եղբայրն իրեն մշտապես ասել է. «40 տարեկան ես, ո՞ւմ ես սպասում, ո՞ւմ ես պետք…. կամ ինձ համար կին գտի՛ր, կամ դու իմ պահանջմունքները բավարարի՛ր»: Տարոնուհին հայտարարել է նաև, որ 1995 թվականին իր կողմից սպանված եղբոր պատճառով հայրն ինքնասպանություն է գործել: Այն բանից հետո, երբ սպանություն կատարելու մեղադրանքով 15 տարի ազատազրկված է մնացել ՌԴ-ում, ագրեսիվ է դարձել, չարաշահել է ալկոհոլի օգտագործումը և ոտնահարել է տան բոլոր անդամների իրավունքները, այդ թվում՝ տարեց մոր:

Իսկ մայրը՝ Սվետլանան, դատարանում հայտարարել է, որ սպանված որդու իրավահաջորդ նշանակվելու ցանկություն չի հայտնել, քանի որ նա դրան արժանի չէր, հուղարկավորությանն, անգամ, չի մասնակցել, նրան դիահերձարան փեսան է տարել: Մայրը կրկնել է ամբաստանյալ դստեր այն խոսքերը, թե տուժող Գարեգին Ավետիսյանը ոտնահարել է իրենց իրավունքները, սեռական հարաբերություն անելու առաջարկ է արել դստերը և մշտապես ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Սպանվածի հարազատները վստահեցրել են, որ նրա՝ նման վարքագիծ դրսևորելու պատճառը իրենց տնից դուրս անելն ու տունն իրենով անելն է եղել:

Ի դեպ, դատական արձանագրությունների մեջ ներառվել է նաև տուժողի ցուցմունքը, որը տրվել է քրոջ կողմից առաջին անգամ դանակահարվելուց հետո: Գարեգին Ավետիսյանը հայտարարել է, թե այդ օրը հարազատներին մեղադրել է ոստիկանություն զանգահարելու և բողոքելու մեջ: «Դա անբարոյականություն է, էդ պոռնկության վերջը տվե՛ք»,- ասել է տուժողը: Նա պատմել է, որ այդ ժամանակ Տարոնուհին խոհանոցի կողմից եկել և հարձակվել է իր վրա, մյուս քրոջ որդին՝ Գևորգը, ընկել է իրենց միջև և գոռացել: Տեսնելով, որ Տարոնուհու ձեռքին դանակ կա, Գևորգին մի կողմ է հրել, որ երեխային վնաս չտա: Ապա Տարոնուհին դանակով հարվածել է իրեն, ինչի հետևանքով ինքն ընկել է հատակին: Հետո զգացել է, որ նա ոտքով հարվածում է իրեն և ասում. «Դու պիտի մեռնես արյան մեջ, սա մեր տունն է, եթե չսպանենք էլ, մեկ է ախպերս կազատվի, կսպանի»:

Նա իրավապահ մարմիններին ասել է, թե ինքը քրոջը քարշ չի տվել, անկողնուն չի գցել և չի փորձել հագուստները պատռել և չի ասել, որ բոլորին բռնաբարելու է:

Նշենք, որ գործով մեղադրող դատախազը զարմացել էր, որ նման գործով դատարանի կայացրած մեղմ պատիժը պաշտպանական կողմը կարող էր բողոքարկել:




Լրահոս