Ի՞ՆՉ «ՓՈՇԻՈՎ» Է ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼՎԱՑԵԼ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին եւ նրա հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործն ուշագրավ զարգացումներ է ստանում: ԱԱԾ տարածած հաղորդագրությունն անուղղակի կերպով հաստատել է այն կասկածները, որ այս քրեական գործն իրականում քաղաքական ենթատեքստ ունի: Բանն այն է, որ փողերը «լվացվել են» 2010-2011թթ., սակայն քրեական գործը հարուցվել է այս տարվա մայիսին միայն:
«Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով: Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության եւ գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում՝ «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Այս հայտարարությանը հակադարձել է Վարդան Օսկանյանը: «Չեմ ուզում մտնել թվերի եւ այլ մանրամասների մեջ, բայց ուզում եմ ասել հետեւյալը. «փողերի լվացում-Օսկանյան-Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումն ինձ եւ «Սիվիլիթաս»-ին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ եւ բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որեւէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ ըստ պայմանագրի՝ «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ եւ իր կանոնադրական նպատակների իրականացման համար: Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»,-ասել է նա:
Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Օսկանյանի գործը քաղաքական ենթատեքստ չունի:

ՏԱՐՕՐԻՆԱԿ
ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ բավական ուշագրավ համընկնումներ կան: Բանն այն է, որ ԱԱԾ-ն պատահական չի ընտրել քրեական գործը հարուցելու օրը՝ մայիսի 25-ը՝ ԲՀԿ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու հաջորդ օրը: Թե ինչու է գործ հարուցելու որոշումը կայացվել հենց այդ օրը, մնում է միայն կռահել: Ավելին, ԱԱԾ հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ «փողերի լվացման» դեպքերը տեղի են ունեցել 2010-2011թթ., ընդ որում լվացվել են ամերիկյան գումարներ: Ու այդ ամենի մասին ԱԱԾ-ն բարձրաձայնում է 2012թ. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցից հետո: Սրանք, թերեւս, այն տարօրինակ զուգադիպություններն են, որոնք համադրելու դեպքում կարելի է որոշակի ենթադրություններ անել: ԱԱԾ մամուլի ծառայությունից չմեկնաբանեցին, թե ինչու 2010-2011թթ. կատարված դեպքերի մասին իրենք այսօր են խոսում: Մեր բոլոր հարցերին ԱԱԾ մամուլի ծառայությունից մեկ նախադասությամբ պատասխանեցին. «Մեր տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասված է»: Տեսակետ կա, որ իշխանությունների այս քայլն ընդամենը նախազգուշական բնույթ ունի, եւ ի սկզբանե փորձում են զսպել Օսկանյանի՝ ընդդիմադիրի դիրքերից հնարավոր դրսեւորումները:
Կա նաեւ երկրորդ տեսակետը, ըստ որի՝ այս ամենը խաղ է, ու դեռ ամիսներ առաջ իշխանությունները փորձում են ԲՀԿ-ից ու Օսկանյանից հալածվող ընդդիմադիրի կերպար ստեղծել, որպեսզի նրանց, այդ սցենարի համաձայն, խաղացնեն նաեւ նախագահի առաջիկա ընտրություններում: Այլապես, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ԱԱԾ-ն անհետեւանք չէր թողնի այս քրեական գործը: Դեռ ավելին, Օսկանյանի հետ կվարվեին այնպես, ինչպես ժամանակին վարվեցին ԱԳ մեկ այլ նախկին նախարարի՝ Ալեքսանդր Արզումանյանի հետ. նրան ձերբակալեցին ու ավելի քան 6 ամիս հանիրավի կերպով պահեցին ԱԱԾ մեկուսարանում: Իսկ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տանից «լվացված» 40 հազար ԱՄՆ դոլարը մինչ օրս չեն վերադարձրել: Հիշեցնենք, որ Շիրխանյանն ու Արզումանյանն այդ շրջանում «ցախավելների հեղափոխություն» էին իրականացնում, ինչը վտանգ էր հարուցում գործող իշխանությանը:
Ինչեւէ, ԱԱԾ լրատվական կենտրոնից հետաքրքրվեցինք, թե արդյոք առաջիկայում իրենք պատրաստվում են դիմել ԱԺ՝ պատգամավոր Օսկանյանին մեղադրանք առաջադրելու, միգուցե նաեւ կալանավորելու վերաբերյալ թույլտվություն ստանալու հարցով: Կոնկրետ պատասխան չեղավ. քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, հետեւաբար չեն կարող պատասխանել այդ հարցին եւս:
Հ.Գ. Երեկ՝ երեկոյան, տարբեր աղբյուրներ փոխանցեցին, որ հնարավոր է՝ այսօր Օսկանյանին կրկին կանչեն հարցաքննության:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս