ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Երեկ ՀՀ վարչական դատարանը դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ 50 հազար դրամ տուգանք է նշանակել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ ռեժիսորը մեղադրվում էր ս/թ ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանների պահանջին չենթարկվելու մեջ: Խզմալյանը հայտարարել է, թե չի ընդունում դատական ակտը եւ անպայման բողոքարկելու է այն:
ՄՐՑԱԿԻՑԸ ՎԻՏԱԼԻՆ Է
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կկայանան թվով հինգերորդ նախագահական ընտրությունները: Իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրած գործող նախագահ Բակո Սահակյանի ամենալուրջ մրցակիցը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է, որը քաջ հայտնի է տեղի բնակչությանը: Նախքան խորհրդարանի անդամ ընտրվելը Բալասանյանը եղել է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահը: Եւս երկու այլ թեկնածուներ` Ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, որը նախկինում եղել է Ղարաբաղի խորհրդարանի անդամ, եւ 65-ամյա գործազուրկ Վալերի Խաչատրյանը, լուրջ մրցակցություն չեն ստեղծի հիմնական թեկնածուների համար:
ՈՐ ԲՈԼՈՐՆ ԻՄԱՆԱՆ
3 տարի առաջ 33 տարեկան հասակում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունից հետո հանցագործը հագուստը պահել է իքս լողափում, բայց հայտնվում է փաստաթուղթ, որտեղ գրվում է մեկ այլ լողափի անուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգել է Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: «Մի շարք հարցեր եմ տվել եւ դրանց պատասխանին եմ սպասում: Բավականին լուրջ փաստաթղթեր կան, որոնց պետք է պատասխանեն: Եթե դրանց պատասխան տան, ուրեմն գործը բացահայտված է: Եթե հարցերի պատասխանը չստանամ, նոր ուժեղ, բացահայտ հակահարձակման կդիմեմ փաստերով, որ բոլորն իմանան, թե ինչ է կատարվում»,-ասել է Պետրոս Մհերյանը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԵԿ-ՈՒՄ
Ըստ Henaran.am-ի տեղեկությունների՝ առաջիկայում ՕԵԿ-ում կտրուկ փոփոխություններ են սպասվում. երեւելի դեմքերից ոմանք շուտով լքելու են կուսակցությունը: Նրանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ Արթուր Բաղդասարյանը սկսել է «հաշվետվություն» պահանջել ընտրություններին ծախսված գումարների դիմաց: Հատկապես գործարարները` Խուճուճ Էդոն, Լավանդայի Արայիկը, իրենց առաջնորդի հետ համաձայն չեն: