Նորագույն ժամանակներում քչերը կարող են ապրել առանց հեռախոսի. այն դարձել է մարդկանց ապրելակերպի մի մասը:
Հեռախոսի լավագույն ապրանքանիշը որոշելու համար բազմիցս տարբեր հարցումներ են անցկացվել, և պարզվել է, որ բջջային հեռախոսի սիրահարները շատ են վստահում Nokia ընկերությանը` ընտրելով այս ապրանքանիշի հեռախոսներ:
Այսօր Nokia-ն մասնաճյուղ ունի աշխարհի 50 երկրում, որտեղ աշխատում է ավելի քան 60.000 մարդ: Ընկերության բջջային հեռախոսները վաճառվում են ավելի քան 130 երկրում: Մի շարք երկրներում գործում են Nokia-ի հետազոտական կենտրոններ, որոնցում ուսումնասիրվում է ընկերության արտադրանքի հետագա զարգացումը:
Այսօր Armlur.am-ը կներկայացնի Nokia-ի ստեղծման պատմությունը:
Ամեն ինչ սկսվեց այսպես…
1865 թվականի մայիսի 12-ին Ֆրեդրիխ Իդեստամը թույլտվություն է ստանում կառուցել փայտամշակման և թղթի արտադրության գործարան: Հենց այդ տարիներին էլ սկսվում է արդյունաբերական բուռն աճի ժամանակաշրջանը: Այդ ժամանակ թղթի և ստվարաթղթի պահանջարկը գնալով մեծանում է, իսկ Իդեստամը չի հասցնում ուշքի գալ, երբ փոքրիկ թղթի գործարանը վերածվում է թղթի և ցելյուլոզի արտադրության հզոր գործարանային միավորման:
1860-ականների վերջին ընկերության վաճառքները սկսում են աճել մեծ տեմպերով: 1871 թվականի փետրվարին պաշտոնապես գրանցվում է Nokia Corporation-ը: Արդեն մի քանի տարի անց ընկերության գործունեությունը դուրս է գալիս երկրի սահմաններից: Nokia-ի թուղթը սկսվում է արտահանվել սկզբում Ռուսաստան, ապա` նաև Շվեդիա, Դանիա, Անգլիա, Ֆրանսիա և նույնիսկ Չինաստան:
Nokia քաղաք
1920 թվականին ընկերություններ Nokia Corporation-ը, Finnish Rubber Works-ը և Finnish Cable Works-ը, միավորվում են` ձևավորելով Nokia Group-ը:
1900-ականների կեսերին Nokia ընկերությունների խումբը հանդիսանում էր առաջատար բոլոր երեք ոլորտներում` փայտի արտադրություն` հետագայում դրանից թուղթ ստանալու նպատակով, էլեկտրոնիկա և ռետինե իրերի արտադրություն: Պետք է նշել, որ էլեկտրոնիկայով ընկերությունը սկսում է զբաղվել 1960-ական թվականներին, երբ Finnish Cable Works-ի բաժանմունքներից մեկը զգալիորեն ընդլայնվում է` կենտրոնացնելով ուշադրությունը ոչ միայն մալուխների արտադրության վրա:
Շարունակելով ընդլայնվել, ընկերությունն ունենում է ևս մի քանի ձեռքբերումներ` ամրապնդելով իր դիրքերը հեռահաղորդակցությունների և կենցաղային տեխնիկայի ոլորտում:
1988 թվականին Nokia-ն գնում է շվեդական Ericsson ընկերության բաժանմունքներից մեկը: Այդ գործարքը բերում է նրան, որ Nokia-ն դառնում է խոշորագույն սկանդինավյան ընկերությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:
1992 թվականին Nokia-ի տնօրենների խորհրդի նախագահ է դառնում Յորմա Օլլիլան: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են փոփոխությունները: Օլլիլան լիովին համոզված էր, որ ընկերությունը պետք է զարգացնի բիզնեսը հեռահաղորդակցության ոլորտում: Իր ղեկավարման հենց առաջին տարվա ընթացքում նա հայտարարում է, որ այսուհետ ընկերության գործունեության հիմնական ուղղությունը դառնում են բջջային հեռախոսները և հեռահաղորդակցությունը: 1995-1999 թվականների ընթացքում ընկերության վաճառքներն աճում են 3 անգամ, եկամուտը` մոտ 5 անգամ, իսկ արժեթղթերի գինը անհավատալի թռիչք է ապրում` աճելով 25 անգամ մեկ արժեթղթի համար:
Ընկերության ղեկավարությունը ողջունում է լիդերությունը` հնարավորություն տալով իր աշխատողներին կյանքի կոչել նոր գաղափարներ, ստեղծագործել: Իր ողջ պատմության ընթացքում Nokia-ն միշտ սովորել է իր սխալների վրա և հետևություններ արել: Արդյունքում կա այն, ինչ որ կա` Nokia: