Ի՞նչ համգամանքներ հաշվի չի առել «սցենարիստը»` Արամ Մանուկյանի դեմ կատարած հարձակման ժամանակ. «Ժողովուրդ».

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բերման է ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարած անձը:
Ըստ հաղորդագրության՝ հարձակում կատարածը 1973 թ. ծնված Արշակ Սվազյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, պատժվում է 50-ից 150 հազար դրամի տուգանքով կամ երկամսյա կալանքով:

Ոստիկանության տեղեկատվական արտահոսքի համաձայն՝ Սվազյանն իբր արտագնա աշխատանքի մեկնող անձ է եւ նոր է վերադարձել Ռուսաստանից: Իր արարքը բացատրել է նրանով, որ իբր ադրբեջանցիները ծաղրել են իրեն, քանի որ Հայաստանում Սերժ Սարգսյանին հայհոյում են, ոչ մեկը նրա պատիվը չի պահում: Ավելի ուշ պարզվեց, որ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի` Շմայսի շրջապատից է: Սակայն պատգամավորն «Ա1+»-ին ասել է, թե իրեն զրպարտում են, եւ՝ «Աստծո պատիժին իրենց գլխին»:

Ինչպես արդեն «Ժողովուրդը» կանխատեսել էր, այս անգամ եւս գործ ունենք իրավապահների կազմակերպած «օպերացիայի» հետ, որով փորձ է արվում շեղել հրամանատարների ծեծի խայտառակ փաստը: Սակայն, ինչպես միշտ, ամեն ինչ վերին աստիճանի փնթի են կազմակերպել: Նախ ընտրել են կատարողին, որի կապն իշխանությունների հետ մի քանի ժամում պարզվեց:

Արարքի պատճառաբանությունն էլ «Գյուլնազ տատի» հեքիաթներից է: Սցենարիստը հաշվի չի առել, որ Ռուսաստանում ապրող հայերը եւ ադրբեջանցիները ոչ միայն քաղաքական վեճեր չեն ունենում, նրանք նաեւ շատ հաճախ գործընկերներ են դառնում: Իսկ որ ամենակարեւորն է՝ արտագնա աշխատանքի մեկնող հայը եւ ադրբեջանցին երկուստեք ատում եւ ամենավերջին հայհոյանքն են տալիս իրենց իշխանություններին, որոնց պատճառով ստիպված են օտար երկրներում ապրուստ վաստակել»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս