Տավուշի մարզի Ոսկեպար գետում վերջին մեկ ամսում ջուրն այնքան է նվազել, որ գետի հունում սատկած ձկներ եւ գորտեր են հայտնվել, իսկ ափերից տհաճ հոտ է գալիս: Ոսկեպարի բնակիչներն այդ մասին ահազանգել են «Ժողովուրդ»-ի թղթակցին: Նշենք, որ գետի ջրերով աշխատում է «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ի կողմից գործարկված փոքր ՀԷԿ-ը: Այն տարեկան ընդամենը 30 հազար դրամ է մուծում Ոսկեպարի համայնքապետարանի բյուջե: Ներկայում Ոսկեպար գետում ջրի հոսքն է այնքան է նվազել, որ փոքր ՀԷԿ-ը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանը հայտնեց, որ ինքն իրավիճակի վերաբերյալ տեղյակ է պահել գետի վերին հոսանքներից սկիզբ առնող սահմանամերձ Ոսկեպար, Կոթի, Բաղանիս, Ոսկեվան գյուղերի ոռոգման ջրագիծը կառուցած շինարարական կազմակերպությանը եւ «Դեբեդ-Աղստեւ ջրառ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին: Հրուշ Աղբալյանի վկայությամբ՝ շինարարական ընկերության ներկայացուցիչները ջրագիծը պաշտոնապես դեռեւս չեն հանձնել: Գյուղապետի խոսքերով՝ այդ ընկերության եւ «Դեբեդ-Աղստեւ ջրառ» ՓԲԸ պատասխանատուներն իրեն ասել են, որ ջրագծում մի քանի ջրթող փականներ կան, որոնց գործարկմամբ Ոսկեպար գետում ջրի նվազագույն հոսք կապահովվի:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանը սահմանամերձ Ոսկեվան գյուղում մասնակցեց վերոհիշյալ 4 գյուղերի հողերը ոռոգող ջրագծի հանդիսավոր բացմանը: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) վարկավորմամբ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով ջրատարի շինարարության համար ծախսվել է 5.4 մլն դոլար: Այն 4 գյուղերում պետք է ոռոգի 1100 հա տարածք, սակայն ոռոգման ներքին ցանցի բացակայության կամ մասամբ գործելու պատճառով այժմ դրա մեկ երրորդ մասն էլ չի ոռոգվում: 2011թ. սեպտեմբերին Տավուշի մարզպետարանում այս խնդիրը քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ: 2012թ. ապրիլին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ Կոթիում ունեցած հանդիպման ժամանակ կոթեցիները նախարարին դժգոհել են, որ ներքին ցանցի բացակայության հետեւանքով այդ ջրագծով Կոթի հասցված ջուրը Ադրբեջան է հոսում: Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանն ասաց, որ Ոսկեպար համայնքը պատրաստ է հրաժարվել այդ ջրագծով «իրենց հասանելիք» 400 հա հողատարածքի ոռոգումից, միայն թե գետում ջուրը չցամաքի:
Ամռան տապին, երբ Ոսկեպար գետում ջուրը խիստ կպակասի, ոռոգման ջրի պահանջն էլ կմեծանա, գետին բնապահպանական աղետ կսպառնա: Հարց է ծագում. երբ նախագծվում էր Նոյեմբերյանի սահմանագոտու համար այդքան կարեւոր ոռոգման ջրագիծը, գետում առկա ջրի քանակի հաշվարկը ինչպե՞ս էին կատարել: Չէ՞ որ գետի կենսաբանական նորմալ վիճակն ապահովելու համար ջրի հոսքի առնվազն 30 տոկոսը պետք է գետում թողնել: Զարմանալի է, որ Հայաստանում գործող տասնյակ բնապահպանական կազմակերպություններից ոչ մեկը չի հետաքրքրվում Ոսկեպար գետի խնդրով:
ԳԵՏԸ ՑԱՄԱՔԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՈՍԿԱՆ Ս.