ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլասերների եւ բուքմեյքերական ընկերությունների համար հիմա իսկական տոն է. ընթանում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Իսկ թե որքանով են հետաքրքրված «Եվրո-2012»-ով մեզ ծանոթ մարդիկ, հիմա կիմանանք:

ՍԼԱՎԱ ՍԱՐԳՍՅԱՆ՝ ֆուտբոլային մեկնաբան
-Ֆավորիտներն են, ինչպես միշտ, Իսպանիան, Իտալիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան: Դեռ հստակ կանխատեսումներ անել չեմ կարող, նոր են սկսել արագություն հավաքել, կարծում եմ՝ առաջիկա խաղերից ավելի պարզ կերեւա, թե ով ինչի է ընդունակ:
-Ունե՞ք սիրելի թիմ:
-Սիրում եմ Բրազիլիայի հավաքականին, որը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցում, բայց իսպանացիների խաղը նախընտրելի է ինձ համար: Գիտեք, քանի որ դեռ նոր է մեկնարկել առաջնությունը, մի քիչ բարդ է լուրջ գնահատական տալ, երկրորդ տուրից հետո շատ ավելի պարզ կլինի, ու երեւի թե հստակ կկարողանամ ասել թիմերի շանսերի մասին:
-Երբեւէ խաղադրույքներ արե՞լ եք:
-Ընդհանրապես չեմ անում, չեմ սիրում:    

ԱԲԵԼ ԱԲԵԼՅԱՆ՝ դերասան
-Անկեղծ լինեմ, մոլի երկրպագու չեմ, բայց սկսել եմ հետեւել մեր հավաքականի խաղերին: Իսկ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին էլ հետեւում եմ, քանի որ խաղադրույքներ եմ անում:
-Ո՞ր թիմերի օգտին:
-Ես շատ տարօրինակ խաղադրույքներ եմ կատարում: Ընտրում եմ անհավանական տարբերակն ու գումար դնում: Ես դա անում եմ, որ խաղը մինչու վերջ ազարտով նայեմ: Կարող է դնեմ 1500 դրամ, բայց գործակիցների հաշվին հավանական լինի շահել 2 միլիոն: Դա պարզապես հաճույքի համար եմ անում, ինչպես փորձն է ցույց տալիս, շահումներ գրեթե չեն լինում:
-Ո՞վ կդառնա Եվրոպայի լավագույն թիմը:
-Իսպանիայի խաղը տեսա, բայց ես միշտ Իտալիային եմ համակրել՝ չնայած գնալով սկսել են վատ խաղալ, անընդհատ պաշտպանվում են: Կարծում եմ՝ միանշանակ Իսպանիան կլինի ֆավորիտ, ռուսներն են սկսել լավ խաղալ, բայց բախտները չի բերում:  

ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ՝ դերասան
-Ես ինձ համարում եմ ֆուտբոլասեր, խաղն էլ նայելիս երկրպագում եմ լավագույն թիմին: Կապ չունի` պարտվում է թիմը, թե ոչ, կարեւորը՝ ինչ խաղ են ցույց տալիս: Դե տեսե՛ք, Գերմանիան խաղաց Պորտուգալիայի հետ, ճիշտ է, գերմանացիները հաղթեցին, բայց Պորտուգալիան շատ լավ խաղ ցույց տվեց:
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ո՞վ կդառնա Եվրոպայի չեմպիոն:
-Կա՛մ Գերմանիան, կա՛մ Իսպանիան:
-Հայկական ֆուտբոլի մասին ի՞նչ կասեք:
-Կդժվարանամ որեւէ բան ասել, լեգենդը մնում է լեգենդ: Երեւում է մեր հավաքականի աճը, բայց դե հաղթանակներով պետք է գնահատել: Ես ուզում եմ մոտ ապագայում, ասենք՝ մի երկու տարի հետո, Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը մեր թիմն էլ հանդես գա ու ընդգրկվի թեկուզ լավագույն տասնյակում:
-Խաղադրույքներ անո՞ւմ եք:
-Երբեք: Ֆուտբոլն էլ փող աշխատելու միջոց է, ու շատ բուքմեյքերական ընկերություններ հարստանում են հենց նրա հաշվին, որ շատ ֆավորիտ թիմերը պարտվում են: Դարձել է բիզնես, առեւտուր, դրա համար էլ չեմ ուզում մասնակցել:

ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆ՝ երգիչ
-Ֆուտբոլի սիրահար եմ, մեծ ուշադրությամբ միշտ հետեւում եմ աշխարհի առաջնությանը, բայց Եվրոպայինը՝ մեկ-մեկ: Նախընտրելի թիմ էլ ունեմ` Գերմանիայի հավաքականն է: Դեռ մանկուց եմ հավանում նրանց խաղը: Այդ ռոբոտային, չոր ու հստակ խաղն ինձ դուր է գալիս: Նույնիսկ խաղի ամենավերջին րոպեին պատրաստ են էնպես խաղալ, կարծես խաղը դեռ նոր սկսված լինի:
-Խաղադրույքներ անո՞ւմ եք:
-Երբեւիցե խաղամոլությամբ չեմ տառապել, երբեք գումար չեմ վատնում ազարտի ազդեցության տակ, նույնիսկ այն ժամանակ, երբ Լաս-Վեգասում եմ, ինձ այդ սարքերը չեն գրավում: Եթե անկեղծ լինեմ, մի քիչ ինձ այդ հարցում անհաջողակ եմ համարում ու կարծում եմ, որ գումարն անիմաստ կորելու է, դրա համար էլ չեմ դնում:
-Ի՞նչ եք կարծում, ո՞վ կդառնա Եվրոպայի չեմպիոն:
-Չեմ կարող պատասխանել, մի քիչ չեմ հետեւել թիմերի խաղին, բայց երեւի թե Իսպանիան կլինի առաջատարներից մեկը, ուժեղ թիմ է:

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ՝ հումորիստ
-Լավ խաղերը նայում եմ, սիրում եմ, բայց ինձ ֆուտբոլի մոլի երկրպագու չեմ համարում: Ես ավելի շատ Հայաստանի հավաքականի խաղերն եմ նայում եւ ուզում, որ նրանց գործերն աջ գնան: Քանի որ ֆուտբոլի գիտակ չեմ, չեմ էլ կարող ասել, թե Եվրոպայի առաջնության հաղթող ով կդառնա:

ՄԱՐԱՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ՝ երգիչ
-Չեմ ասի, որ մոլի երկրպագու եմ կամ ժամանակ եմ վատնում այդ խաղերին հետեւելու համար, ընկնում ցնծության մեջ, չէ՛, էդպես չէ: Հետեւում եմ այնքանով, որքանով կստացվի: Նախընտրելի թիմ էլ չունեմ:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս