Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց Կառավարության ներկայացրած «Մաքսային կարգավորման մասին և կից կարգավորումներ»-ի վերաբերյալ հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին փաթեթը:
Հիշեցնենք, որ նիստը բոյկոտել են ոչ իշխանական ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:
Վարման կարգով հանդես եկավ «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Լինելով դեմ` պարտքս եմ համարում մասնակցել նստաշրջանին, որ այդ միությանն սպասարկող ամբողջ փաթեթին դեմ քվեարկեմ: Ես հարգում եմ ցանկացած ուժի իրավունքը դիմել բոյկոտի, որը լինելով ծայրահեղ քայլ` կարող է սպասարկել այս կամ այն կուսակցության շահերը: Բայց այս պարագայում անիմաստ եմ համարում բոյկոտելը, ու մենք պետք է մեր դիրքորոշումը ցուցաբերենք այս բախտորոշ պայմանագրի վերաբերյալ: Խուսափողականությունն այս դեպքում ինձ համար անընդունելի է»:
Իսկ նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Այսօր ԱԺ-ն ևս մեկ անգամ փորձելու է մեր անկախությունը վաճառքի դնել: Ես եկել եմ դրան դեմ քվեարկելու, որովհետև արդեն իսկ ՌԴ տնտեսությունը գահավիժում է, և Հայաստանը այդ տնտեսության հետ որևէ անելիք չունի: Այն, ինչ այստեղ արվում է, ոչինչ է՝ անգործությունից բացի: Ես չեմ ուզում վիրավորել, բայց դուք տանում եք ՀՀ-ին դեպի կործանում»:
Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց, ինչից հետո խոսեց Զարուհի Փոստանջյանը. «Հենց նոր դուք քվեարկեցիք մի օրինագծի, որն ուղղակի ՀՀ քաղաքացիների շահերին դեմ է»: Գալուստ Սահակյանը պահանջեց անջատել պատգամավորի խոսափողը՝ ասելով. «Արդեն պրովակացիա եք անում»:
Գալուստ Սահակյանը շփոթեց մի քանի օրենքների անվանումներ, որից հետո նշեց. «Կներեք, կներեք, Փոստանջյանը բարկացրեց»-նշեց նա: