Իշխանությունը պատրաստ չէ մի բարձրաստիճան ոստիկանապետի հրաժարականը պահանջել. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ 4 խմբակցությունների՝ ԲՀԿ-, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տապալված արտահերթ նիստին անդրադարձավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ իրենց նախաձեռնած արտահերթ նիստին մտադիր էին հրավիրել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին:

«Վերջին բռնարարքներից և բացահայտ «բեսպրեդելից» հետո տարբեր ՀՀԿ-ական գործիչներ իրենց ենթակա մամուլում հայտարարում էին, թե սա բացարձակապես ձեռնտու չէ իշխանությանը և նույնիսկ փորձում էին երրորդ, չորրորդ հետք գտնել։ Որևէ մեկը չէր խանգարում ՀՀԿ-ին համաձայնել արտահերթ նիստ հրավիրելուն, այլ ոչ թե իր մշտական ոճին հավատարիմ մնալով՝ տապալեր այն։ Եթե հերթական անգամ իրենք փախենում են բաց, հրապարակային քննարկումներից, խոսել փաստերով, նշանակում է, որ չունեն ասելիք, իսկ այն խոսքերը, որ այս ամենը ձեռնտու չէ իշխանությանը, ընդամենը մերկապարանոց հայտարարություններ են: Սա մեկ բանի մասին է վկայում՝ իշխանությունը պատրաստ չէ մի բարձրաստիճան ոստիկանապետի հրաժարականը պահանջել, ով իրեն այսպիսի հայտարարություններ է թույլ տալիս»։

Ն. Զոհրաբյանը նաև հայտնեց, որ վաղը ևս մեկ արտահերթ նիստ կնախաձեռնեն և կանդրադառնան դրամի կտրուկ անկմանը։

«Երկրում ստեղծված է խայտառակ ֆորսմաժորային իրավիճակ։ Մտադիր ենք ժողովրդին ամեն րոպե աղքատացման խայտառակ վիճակի մեջ գցող պատասխանատուներին հրավիրել ԱԺ և ստանալ յուրաքանչյուր քաղաքացուն հոզող հարցերի պատասխանը»,-նշեց Ն. Զոհրաբյանը։

Նշենք, ոչ չորս ուժերն ընթերցեցին նաև իրենց համատեղ հայտարարությունը, որով կոչ են անում պաշտոնանկ անել ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին:




Լրահոս