
Մեքսիկայի դատախազությունը դատարանից թույլտվություն է խնդրել՝ ևս 20 օրով երկարաձգել Իգուալայի նախկին քաղաքապետի կնոջ տնային կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ Իգուալան այն քաղաքն է, ուր սեպտեմբերին առևանգել էին 43 ուսանողների:
Մարիա դե լոս Անխելես Պինեդան մեղադրվում է ազդեցիկ թմրակարտելի հետ կապեր ունենալու մեջ: Համարվում է, որ իր ամուսնու հետ միասին նա կարգադրել է տեղի ոստիկաններին առևանգել ուսանողական բողոքի շարժման ակտիվիստներին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դատախազությունը ջանում է հնարավորինս շատ փաստեր բացահայտել Մարիա Պինեդայի դեմ, քանի որ նրա մասնակցությունը ուսանողների անհետացմանն ավելի դժվար է ապացուցել, քան նրա ամուսնունը: