Արդեն երկրորդն ամիսն է` Գյումրու թիվ 15 դպրոցի 60 հոգանոց կոլեկտիվը զրկված է աշխատավարձ ստանալու իրավունքից: Բանը հասել է նրան, որ ուսուցիչները տրանսպորտի գումար չունենալու պատճառով խանձող արևի տակ ոտքով են երթևեկում, իսկ այն խանութները, որտեղից միշտ “նիսյայով” հաց են գնում, դրանց տերերն այլևս հրաժարվում են սննդամթերք տալուց, ասելով`”յեսիմ ձեր դպրոցին փող տա՞ն”: ԴԱՀԿ-ն կալանք է դրել դպրոցի հաշիվների վրա` պնդելով, որ այս ուսումնական հաստատությունը պարտք է 5 միլիոն 406 հագար դրամ: Իսկ թե որտեղի՞ց է գոյացել այդ գումարը, իրոք արտառոց մի պատմություն է: Բանն այն է, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Գյումրիի թիվ 36 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Մռյանը երեխաներին փրկելիս վնասել է ոտքը, այսինքն աշխատանքային տրավմա է ստացել, բժշկական անաշխատունակ փորձաքննական հետազոտությունն էլ այդ վնասվածքը սահմանել է որպես ցմահ, որի համար սկսել են տիկնոջը փոխհատուցել այն բոլոր ուսումնական հաստատություններից, որտեղ նա հետագայում աշխատել է: Բայց քանի որ սա գլխացավանք է եղել դպրոցների բյուջեի համար, օրինակ` թիվ 37 դպրոցի տնօրենը մոտ մեկ տարի վճարելուց հետո դադարեցրել է փոխհատուցումը: Տիկին Մռյանն էլ 2005 թվականին դիմել է դատարան` հստակեցնելով, թե ո՞վ պետք է վճարի իրեն` այն հիմնա՞րկը, որտեղ խեղում է ստացել, թե՞ ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում է: Շիրակի մարզի դատավոր Մարտին Սարոյանն էլ որոշել է, որ տիկնոջը պետք է փոխհատուցի թիվ 15 դպրոցը, քանի որ 2003 թվականին Գյումրու թիվ 36 դպրոցը օպտիմալացվել ու միավորվել է թիվ 15-ին:
Առավոտ. Արտակարգ իրավիճակ Գյումրու թիվ 15 դպրոցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ