Մրցանակները հանձնել են Վեհափառն ու նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը մասնակցել են «Ավետարանական առակները հայ դպրոցում»” հանրապետական մրցույթի ամփոփմանը: Վեհափառն ու նախարարը մրցույթի հաղթողներին հանձնել են մրցանակներ, ունկնդրել երեխաների կատարմամբ առակների բեմականացումը:

Կարևորելով ՀՀ ԿԳՆ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի» համատեղ նախաձեռնությունը` Վեհափառ Հայրապետը նշել է, որ յուրաքանչյուր տարի Մայր Աթոռը ջանում է դպրոցահասակ երեխաներին մասնակից դարձնել այնպիսի իրադարձության, որպեսզի նրանք հարաբերվեն պատմական ազգային կյանքին առնչվող երևույթների հետ:

«Ընտրում ենք նաև հոգևոր կյանքին առնչվող թեմաներ` մատաղ սերնդին Աստվածաշնչյան իմաստությանը հաղորդ դարձնելու նպատակով: Այս տարի ընտրված են առակները, որոնք նաև իմաստություն և արժեքներ են սերմանում: Մենք ուրախ ենք, որ դպրոցներում ավանդույթ են դարձել այս կարգի միջոցառումները և նկատելի է, որ տարեցտարի ավելի շատ թվով դպրոցներ մասնակցություն են բերում կրթության նախարարության հետ համատեղ կազմակերպած մրցույթներին: Նպատակը մեր զավակներին խրախուսելն է, որպեսզի նրանք մեծանան` որպես արժանավոր զավակներ և իրենց օգտակարությունը բերեն մեր հայրենիքին և մեր ժողովրդին»,- իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր խոսքում ընդգծել է. «Պատահական չէ, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ավանադաբար արդյունավետ համագործակցում է Մայր եկեղեցու հետ: Կրթության գործի կազմակերպման առումով փաստացի նախարարությունը Մայր Աթոռի կրթական առաքելության իրավահաջորդն է, քանի որ դարեր շարունակ կրթության և գիտելիքի լույսը սփռվել է եկեղեցու համակարգում գործող դպրոցների շնորհիվ: Չմոռանանք, որ հայոց գրերի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշոտցը նույնպես հոգևորական է եղել, ում հայ եկեղեցին սուրբ է ճանաչել: Այնքան խորն է կրթության և հոգևոր կյանքի կապը, որ անիմաստ է այսօր մեզ մեղադրել, որ չենք կարողանում հրաժարվել եկեցեղու հետ հոգևոր մեծ կապից»: Ա. Աշոտյանը նաև հավելել է, որ քրիստոնեական առակները իմաստության անսպառ պաշար են, որոնք շատ կարևոր են երեխաների դաստիարակության համար՝ բարեպաշտ և արժանավոր սերունդ կրթելու տեսանկյունից:

«Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը, համաձայն ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի, անցկացվել է ՀՀ հանրակրթական դպորցներում: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային ընտրական և մարզային փուլերը, որոնց մասնակցել են ավելի քան 800 դպրոցներ: Դեկտեմբերի 8-10-ը Մայր Աթոռում կայացած հանրապետական փուլին մասնակցել են հանրապետության 15 լավագույն դպրոցները: Մրցանակներն հանձնվել են «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն», «Լավագույն սցենար», «այրապետական մրցանակ» անվանակարգերում:




Լրահոս