“Ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին իր վրդովմունքն էր հայտնում “Երեւան-Ջուր” ընկերության անհետեւողականությունից: Նրա հավաստմամբ՝ “ջրի մարդը” առանց բնակարանի ջրաչափի ցուցմունքը ստուգելու պահանջում է ամսվա սպառած ջրի վճարից ավելի գումար:
“Երբ բողոքեցի, տեսուչը բացատրեց, որ տարվա վերջում դա կփոխհատուցվի: Ես վարձով ապրող մարդ եմ, էսօր էդտեղ եմ ապրում, վաղը՝ ուրիշ տեղ, ես ո՞ւմ համար կանխավճար տամ”,-ասում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի 48-ամյա բնակիչ Ա. Հովակիմյանը:
“Մեր համակարգում աշխատում է շուրջ 1250 մարդ, տեսուչների կոնկրետ թիվը չեմ կարող ասել, քանի որ հաստիքային համակարգում չունենք: Յուրաքանչյուր տեսուչ ամսվա ընթացքում պարտավոր է շուրջ 2000 բնակարան այցելել, որը ֆիզիկապես անհնար է: Այս պատճառով “Երեւան-Ջուր”-ը վարում է հեռախոսային տարբերակով տվյալներ ստանալու աշխատաոճը: Հարկ է նշել, որ դա կամայական գործելաոճ չէ, այն կառավարվում է համակարգչային ծրագրով: Տեսուչին թույլատրվում է 3 ամսվա ընթացքում ներկայացնել միջինացված ցուցիչներ, իսկ արդեն հաջորդ 4-րդ ամսվա վերջում համակարգիչն ավտոմատ չի հաշվում բաժանորդի ծախսը: Այս պարագայում քաղաքացին չի պարտավորվում տվյալ ամսվա համար վճարում կատարել: Արդյունքում տուժում է ոչ թե քաղաքացին, այլ ջրային տնտեսությունը”,-պարզաբանում է “Երեւան-Ջուր” ՓԲԸ-ի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը:
Անդրադառնալով ընթացիկ տարում ջրի սակագնի թանկացմանը՝ Մ. Սարգսյանը նշեց, որ հուրախություն ջուր սպառողների՝ ջրի սակագինը նվազել է. “Սակագների հարցը քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 23-ի նիստում: Խմելու ջրի սակագինը նվազում է 0,6 դրամով: Հանձնաժողովականները քննարկել են ոչ միայն ջրամատակարարման, այլեւ ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագները: Դրանց գումարային մեծությունը կազմում է 174.059 դրամ` մեկ խմ-ի դիմաց, գործող 174.065 դրամի փոխարեն: Ընդունված որոշումն ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 8-ից”:
“Ժողովուրդ”-ը Մ. Սարգսյանից տեղեկացավ, որ մայրաքաղաքը սնվում է 11 աղբյուրից, որոնց կենարար հեղուկը 700 կմ երկարությամբ 20 մայրուղային ջրատարներով հասնում է 27 խումբ՝ օրվա կարգավորմամբ ջրամբարներ, որոնք ունեն շուրջ 245 հազ. խմ տարողություն: Մայրաքաղաքում միջինացված հաշվով 1 վայրկյանում արտամղվում է 9379 լիտր ջուր, այսինքն՝ օրվա ընթացքում մայրաքաղաքին տրվում է շուրջ 81,5 միլիոն լիտր ջուր: Սակայն արի՛ ու տես, որ ամռան այս սեզոնի հաճախակի են դարձել ջրանջատումները: Մասնավորապես Նոր Նորքի զանգվածի ներկայիս ջրամատակարարումը դրա վառ ապացույցն է: Ընկերության կողմից ամռանը հաճախակի դարձած շինարարական ու բարեկարգման աշխատանքներն էլ մի կողմից են ջրանջատման պատճառ դառնում: Այդ ամենը գուցե արդարացված է, բայց կրկին տուժում է սպառողը:
“Երեւան-Ջուր” ընկերությունը վստահեցնում է, որ լեռնային աղբյուրների ինքնահոս եղանակով արդյունավետ օգտագործման, բաշխիչ ցանցերի վերակառուցման, համակարգի կառավարելիության աստիճանի բարձրացման եւ հակակորուստների դեմ պայքարի շնորհիվ կրճատվել է մայրաքաղաքին մատակարարվող ջրի քանակությունը: Ասել կուզի՝ “Երեւան-Ջուր”-ը 2008թ. համեմատությամբ 1 վայրկյանում խնայել է շուրջ 2147 լիտր ջուր: “Երեւան-Ջուր”-ը փաստում է նաեւ, որ սույն թվականի ապրիլին շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել երեւանցիների 56,4%-ը, եւս 40,3%-ն օրվա ընթացքում ջուր է ունեցել 17-23,5 ժամ, իսկ 12-17 ժամ՝ ընդամենը 3,3%-ը:
Եթե ՀՀ-ն ունի խմելու ջրի բավարար պաշարներ, դրան զուգահեռ խնայվում է որոշակի ջրաքանակ, ապա հարց է առաջանում, թե ինչու մայրաքաղաքում չի ապահովվում 100%-անոց շուրջօրյա ջրամատակարարում:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ