ՀՀ նախագահը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ղեկավարությունը մշտապես բարձրաձայնում են գյուղացիների հոգսերի մասին: Անկախ զբաղեցրած պաշտոնական դիրքից՝ բոլոր չինովնիկները խոսում են դեմքով դեպի գյուղը շրջվելու անհրաժեշտությունից, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նրանց դեմքն էլ գյուղի առօրյան ու գյուղացու հոգսը չի թեթեւացնում: Մի կողմից կարկուտն է վերացնում ցանքատարածքներն ու պտուղները, մյուս կողմից պետության տված սերմացուների պարտքերն են խեղդում գյուղացիներին:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության, անո՞ւմ է հնարավորը՝ գյուղացու կյանքը թեթեւացնելու եւ իսկապես երկրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարությունն արդեն հակակարկտային սիստեմներ է տեղադրում տարբեր վայրերում, քանի որ կարկուտի վտանգը մեծ է: Իսկ ինչ վերաբերում է գյուղացու կյանքը թեթեւացնելուն, աղքատի տանը միշտ էլ վեճ ա լինում: Եթե գյուղատնտեսությունը ապահովագրվի, կարծում եմ՝ բոլոր հարցերն ինքնըստինքյան կլուծվեն: Բայց այսօր ապահովագրական ընկերությունները կառավարությանը ենթակա չեն: Իրոք, կառավարությունը դեմքով շրջվել է դեպի գյուղը, սակայն այստեղ անզորության խնդիր կա: Եղանակի արհավիրքի՝ կարկուտի կամ երաշտի դեմ կառավարությունը որոշումներում չի կարող պայքարել: Այստեղ ֆինանսական միջոցներ հարկավոր չեն: Ես՝ որպես գյուղին մոտ կանգնած մարդ, գտնում եմ, որ ուշադրությունը կա, պետք է ուղղակի միջոցներ հայթայթել գյուղացու հոգսը թեթեւացնելու համար:
ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Սպիտակի քաղաքապետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կառավարության կողմից բավականին աշխատանքներ են կատարվում, բայց անելիքներ դեռ շատ ունենք: Գիտենք, որ այս անելիքները դեռ բավարար չեն: Օրինակ՝ որակյալ սերմացու է ներկրվում, բայց մենք մթերման խնդիր ունենք, գյուղացին պետք է վստահ լինի, որ ապրանքը ցանեց, բերքը ստացավ, իրացման խնդիր չպետք է ունենա: Այսօր իրացման խնդիրն այդքան էլ մեծ չէ, քանի որ ապրանքը քիչ է: Եթե գյուղացին վստահ լինի, որ ապրանքը կիրացվի, ավելի շատ վարուցանք կանի:
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
թիվ 41 ընտրատարածքից ընտրված ԱԺ
պատգամավոր, ՀՀԿ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այսօր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, եւ գյուղացին ինչ-որ չափով իրեն լավ զգա: Բայց գյուղացու աղբյուրը ռիսկային է, այսինքն՝ այստեղ հարցականը մշտապես լինելու է: Օրինակ՝ ոչ ոք չէր սպասում, բայց մի քանի օր առաջ Արմավիրի, Սյունիքի, Շիրակի մարզերում տեղացած կարկուտը փչացրեց գյուղացու ամբողջ բերքը: Ընդհանրապես շատ-շատ երկրներում գյուղատնտեսությունը ռիսկային բնագավառ է:
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սյունիքի մարզպետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ թվում է՝ մեր իշխանության հնարավորությունն ինչքան ներում է, այնքան էլ անում է: Եւ ուրիշ բան է՝ կազմակերպչական հարցերը լավ կազմակերպեն: Ինձ թվում է՝ կան բաներ, որ պետք է արվեն: Որն էլ նշեմ, հնարավոր է՝ մեր պետության ուժերից վեր կլինի: Օրինակ՝ մեր պետությունը կկարողանա՞ դոտացիաներ տա, որպեսզի զարգանա գյուղատնտեսությունը: Պարզապես ես չգիտեմ՝ այդ հնարավորությունը կա, թե չկա: Եթե կարող է անել ու չի անում, սա ուրիշ հարց է: Լավ կլիներ, որ մտածեին ու անեին:
ՄԻՀՐԱՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Արարատի մարզի Տափերական
համայնքի գյուղապետ
Հ.Գ. Թեեւ մեր բոլոր զրուցակիցները փորձում էին որեւէ կերպ արդարացնել կառավարության գործունեությունը կամ անգործությունը, սակայն կարմիր գծով նրանց խոսքում անցնում էր իրողության արձանագրումը, որ գյուղացին այսօր ապրելու խնդիր եւ օգնության կարիք ունի:
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ