Կթանկանա՞ արդյոք ուղեւորավարձը. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջերս գազալիցքավորման կայաններում գազի գինը կտրուկ բարձրացավ՝ 1 խմ-ի դիմաց 170-180 դրամի փոխարեն դառնալով 220-230 դրամ:

Ինչպե՞ս գնաճը կանդրադառնա կանոնավոր ուղեւորափոխադրումների որակի վրա, կթանկանա՞ արդյոք ուղեւորավարձը։

Երեւանի քաղաքապետարանում դեռեւս սակագնի բարձրացման մասին որեւէ խոսակցություն չկա: Այնտեղ աշխատում են իրենց խոսքի տերը մնալ՝ խոստացել էին, որ այս տարվա ընթացքում ուղեվարձը չի թանկանա, այդպես էլ արեցին:
Իսկ սակագինը քննարկող հանձնաժողովը դեռեւս շարունակում է անժամկետ ուսումնասիրությունները:

Դա էլ վրդովեցրել է փոխադրողների միության նախագահ ՀՐԱՆՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ, որը պնդում է՝ ուղեվարձը հարկավոր է վերանայել, քանի որ սահմանած 100 դրամով աշխատելու դեպքում ուղեւորափոխադրման ոլորտը շուտով կդադարի շահագործվել.

«Ինչպես գիտեք, անկախ օտարերկրյա փորձագետները գալով Հայաստան՝ հաշվարկ կատարեցին, որ ուղեվարձը պետք է լինի 157-ից մինչեւ 252 դրամ՝ կախված օգտագործվող վառելիքի եւ շարժակազմի տեսակից:

Մենք այն ժամանակ հորդորում էինք սակագինը սահմանել 150 դրամ, 50 դրամ էլ լրավճար՝ դոտացիա ապահովել: Հիմա՝ գազի գների եւ պահեստամասերի հերթական թանկացումից հետո այդ գինն այլեւս չի կարող հատուցել մեր կատարած ծախսերը: Իրավիճակն այնպիսին է, որ մեկ ուղեւորի ուղեվարձի պայմանական գինը 250 դրամ է դարձել»:

Բայց փոխադրողների միության նախագահը հասկանում է, թե երկրում տիրող սոցիալական ծայրաստիճան լարվածության, համատարած թանկացումների, տրանսպորտից օգտվողների անվճարունակ լինելու պայմաններում ուղեվարձի թանկացումն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, ուստի համապատասխան մարմիններից պահանջում է միջոցներ գտնել պայմանական 250 դրամը ուղեւորափոխադրողներին հատուցելու, այլ ոչ թե քաղաքացիների գրպանից վճարելու համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս