«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ:
Ըստ այդ տեղեկությունների՝ հաղորդման հեղինակը «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին է՝ Ռաֆայել Մխիթարյանը: Նա ոստիկանությանը փորձում է համոզել, թե իբր Ռ. Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրենց ընտանիքին:
«Ժողովուրդը» սեպտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ նշված ընտանիքի եւ Պետրոսյանի միջեւ գույքային վեճ կա: Կարելի է ենթադրել, որ Ռազմիկ Պետրոսյանի հետ կապված վերջին աղմկոտ պատմություններից հետո ՀՀ իշխանությունները որոշել են այս կերպ նրանից վրեժխնդիր լինել` փորձելով նրա դեմ քրեական գործը «վերակենդանացնել»:
Ներկայումս ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա հետաքննություն է ընթանում, եւ նյութեր են նախապատրաստվում»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: