«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին հնարավոր չէ չնկատել, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները համաձայնեցված են գործում: Երեկ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն միասին նախաձեռնեցին ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը դատապարտող ԱԺ հայտարարություն:
Նիստը տեղի ունեցավ ՀՀ Կառավարության հրավիրած արտահերթ նիստի ավարտից հետո` երեկոյան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարության տեքստը, որը բռնությունը դատապարտող ընդհանուր որակումներից է բաղկացած, երեկ մշակվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ու Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ:
ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հերթական մերձեցման ֆոնին արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նոր կոալիցիա կարող է ձեւավորվել: Մասնավորապես, դաշնակցական նախկին պատգամավոր Արա Նռանյանը կարող է նշանակվել նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: