
«Հրապարակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի գլխին ամպերն աստիճանաբար են կուտակվել: Նախ, որդուն ազատեցին իրավապահ մարմիններից, հետո էլ բնակարանում խուզարկություն իրականացրին: Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գորիկ Միրզոյանը, քննիչ էր ԱԱԾ քննչական վարչությունում:
Այս նույն ստորաբաժանումն իրականացրել է ՀՔԾ նախկին պետի տան խուզարկությունը: Խուզարկության վերաբերյալ միակ մեկնաբանությունը մինչ այսօր տվել է հենց ինքը՝ Անդրանիկ Միրզոյանը:
NEWS.am-ին նա հայտնել է, որ իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել իր տանը, եւ որ խուզարկությունը կատարվել է նրա «հարբեցող, նաեւ խարդախ սանիկի ուղղորդված եւ ակնհայտ սուտ ու զրպարտող ցուցմունքների հիման վրա»: Բայց այս բացատրությունն ուղղակի անհայտներ ավելացրեց:
Այն հանգամանքը, որ դատարանը թույլատրել է խուզարկությունը, նշանակում է, որ հարուցված քրեական գործ կա: Թե ինչ գործ է եւ արդյոք հարուցված է ՀՔԾ նախկին պետի դեմ, ԱԱԾ-ից չհայտնեցին, սակայն հաստատեցին Միրզոյանի պնդումը, որ խուզարկությունը կատարվել է նրա «ինչ-որ բարեկամի» ցուցմունքի հիման վրա»:
Մանրամասները` թերթի այսօրվա հաարում: