ԱԺ-ն այսօր` ժամը 15:00-ից հետո, հավանաբար, արտահերթ նստաշրջանի աշխատանքները կավարտեն: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հերթական նիստի մեկնարկին ասաց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Քվեարկության դրվեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և կից օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որը մեկ անգամ խորհրդարանում անհրաժեշտ ձայներ չհավաքեց և չանցավ` նախագծում հակասահմանադրական կետեր պարունակելու պատճառով: Վարման կարգով ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով կոչ արեց օրենքի նախագծին դեմ քվեարկել, քանի որ այն շատ բացեր է պարունակում: Սակայն, նախագիծը 69 կողմ ձայնով ընդունվեց:
Այնուհետև Ազգային ժողովը մեկը մյուսի հետևից ընդունեց քննարկված բոլոր հարցերը: Մասնավորապես` ընդունվեցին «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի փաթեթը, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիրը և մի շարք այլ օրենքի նախագծեր: