ՀՀԿ-ն կմիանա ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստին, բայց կառաջարկի, որ նիստն ընթանա փակ ռեժիմով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք են սկսել, որի ժամանակ կքննարկվի դրամ-դոլար «առճակատումը»:
«Ես գտնում եմ, որ միգուցե ավելի արդյունավետ կլինի փակ քննարկումը: Մենք համոզված ենք, որ խնդիրը քննարկման արժանի է, բայց ֆորմատը նախընտրելի է, որ փակ լինի: Փակ ֆորմատով քննարկում անցկացնելուց հետո արդեն յուրաքանչյուր քաղաքական գործիչ ի զորու է դուրս գալ և իր տեսակետն արտահայտել: Սա այն հարցն է, որ խորը մասնագիտական գնահատականների կարիք ունի»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով. որ զգացմունքային ելույթներ ունենալու կարիք չկա.«Սա այն հարցն է, որը պահանջում է խորը մասնագիտական վերլուծություն»:
«Հարցը շատ գայթակղիչ է և կարևոր: Լրացուցիչ ուշադրությունը, կարծում եմ, այդքան արդյունավետ չի լինի: Մեր խնդիրն իրար մեղադրելն ու զգացմունքային հայտարարություններ անելը չէ, այլ խնդրին լուծում գտնելը: Այստեղ ոչ թե թաքցնելու խնդիր կա, այլ հակառակը՝ քննարկումն ավելի արդյունավետ դարձնելուն է այս ամենը միտված»,- եզրափակեց Շարմազանովը:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում