ԱՄՆ-ում քրեական գործ է հարուցվել չորս ռուսների դեմ, ովքեր մեղադրվում են առնվազն երեք նահանգների կազինոներում կատարված մեքենայությունների համար: 36-ամյա Մուրատ Բլիևի, 38-ամյա Եվգենի Նազարովի, 28-ամյա Իգոր Լավրենովի և 32-ամյա Իվան Գուդալովի դեմ գործքը քննվում է Միսուրիի Սենտ-Լուիս քաղաքում:
Մեղադրյալներից երեքը բնակվում են Ռուսաստանում, իսկ չորրորդը՝ Նազարովը, բացի ռուսաստանյանից, ունի նաև ամերիկյան քաղաքացիություն և բնակվում է Մայամիում:
Մեղադրյալները մտնում էին կազինո և մոտենում ամերիկյան Aristocrat Technology կորպորացիայի կողմից արտադրվող «Մարկ VI» տեսակի խաղարկային ավտոմատներին:
Ինչպես նշվում է մեղադրական եզրակացության մեջ, մայիսի 17-ից մինչև դեկտեմբերի 8-ը մեղադրյալները և այլ անձինք կոմերցիոն չվերթներով թռել են ԱՄՆ, բնակվել հյուրանոցներում, մեքենաներ վարձել և մեկնել կազինոներ, որտեղ տեղադրված են նշված տիպի խաղային ավտոմատներ: Նրանք իրենց մոտ ունեցել են էլեկտրոնային սարքեր, այդ թվում՝ 5-րդ մոդելի այֆոններ, և կապվել են ԱՄՆ-ի տարածքից դուրս գտնվող սերվերի հետ:
Այդ ամենը նրանց թույլ է տվել կանխատեսել «Մարկ VI» տիպի մոդելի գործողությունները և շատ մեծ գումարներ շահել. տեղեկացնում է BBC-ն: