Վերջին օրերին ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է, թե բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար:
Այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ բանկերն արդեն վերջնակապես «պայթել» կամ գոնե դրա շեմին են, իսկ կառավարությունն էլ քաղաքացիների և կազմակերպությունների ունեցած ավանդների հայտարարված շեմը պաշտպանող ու երաշխավորող հայտարարությամբ է հանդես գալիս: Բանկերը թեև այս օրերին դոլար ընդհանրապես չեն վաճառում կամ խիստ սահմանափակ քանակությամբ են տրամադրում իրենց հաճախորդներին, այսուհանդերձ, պատրաստ են առաջին իսկ պահանջի դեպքում վերադարձնել ավանդատուների գումարները:
Armlur.am-ը «Զարգացման հայկական բանկից», «Առեկսիմբանկից» և «Ինեկոբանկից» բացարձակապես նույն պատասխանը ստացավ: Մեր հարցմանն ի պատասխան՝ այստեղ նշեցին, որ միակ խնդիրը կարող է ժամկետի հետ առաջանալ, ու եթե տվյալ պահին բանկում այդքան դոլար չլինի, ավանդատուի դիմումն ընդունելով՝ բանկը կարող է մի ժանի ժամ անց կամ դիմումի հաջորդ օրը վերադարձնել գումարը: