ԵՏՄ կայացումը մեզնից կախված չէ. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային կարգավորման նախագծում մի շարք հոդվածներ վերանայման կարիք ունեն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը պետք է նպաստի Հայաստանում տնտեսության մրցունակության բարձրացմանը, բայց եթե թողնենք կարգավորումների նույն ռեժիմը, այդ դեպքում առավելություններից զրկվելու վտանգի առջև կկանգնենք:

Պատգամավորի խոսքերով՝ այս պայմանագիրը դեռևս ուժի մեջ չմտած, օդանավակայաններում անձնական իրերի զննություն է: Սա, ըստ Արծվիկ Մինասյանի, նշանակում է, որ անհարկի խոչընդոտներ են ստեղծվելու մաքսակետերում, և ԵՏՄ անդամակցության հարցը այս մակարդակում կդիտվի ոչ թե առավելություն, այլ խոչընդոտ կդառնա: ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ նաև միջազգային փոստային փոխադրումների շրջանակում լայն տարածում ունեցող էլեկտրոնային առևտրին, որը հնարավորություն է տալիս երկրի ներսում մրցունակություն ապահովելուն:

«Սա մրցակցության տեսակետից լավագույն գործիքը կարող էր լինել ապրանքների, ծառայությունների նորմալ գների ձևավորման հարցով: Պետք է քաղաքացիները զգան, որ ԵՏՄ անդամակցությունը մեզ առավելություն է տալիս, ոչ թե լրացուցիչ գործիք է տնտեսության ստվերը մեծացնելու, մենաշնորհային տնտեսությունը խրախուսելու համար: Բոլորս էլ հասկանում ենք, որ ԵՏՄ կայացումը մեզնից չէ կախված, բայց եթե կա ընձեռված հնարավորություն, դա իրացնենք մեր երկրի համար»,-նշեց Արծվիկ Մինասյանը:




Լրահոս