ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը որոշել է Հայաստանում կատարվող որեւէ իրադարձություն չմեկնաբանել, քանի որ իր յուրաքանչյուր խոսքը լրատվամիջոցներն այլ կերպ են մեկնաբանում: Սարգսյանը շատ տխուր էր ու մեր հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս: Նշենք, որ Ալիկ Սարգսյանը Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ չընդգրկվեց անգամ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում եւ ընդհանրապես վերջին ժամանակներս նրան շատ քիչ կարելի է տեսնել քաղաքական դաշտում:
-Պարո՛ն Սարգսյան, այնպիսի տպավորություն է, որ Դուք Ձեր հարազատ կուսակցությունից նեղացել եք, չեք ցանկանում որեւէ շփում ունենալ ՀՀԿ-ականների հետ:
-Ոչ մեկից նեղացած չեմ, ամեն դեպքում Ձեր նշած մարդկանցից նեղացած չեմ, ես աշխատում եմ նախագահականում, նախագահից շատ շնորհակալ եմ, գոհ եմ, ոչ մի թեմա չկա: Առավոտը 9:05 գործի եմ, 18:05-ին դուրս եմ գալիս, եթե գործ չկա, եթե հանձնարարություն չկա, եթե հանձնարարություն կա, մինչեւ 8-9-ը մնում եմ, էդքան բան: Դուք ինձ որեւէ ղեկավարի հետ չեք կարող տեսնել, մեկի հետ հաց ուտելուց, ոչ մեկի հետ չեմ շփվում ու չեմ էլ ուզում շփվել, ոչ մեկի հետ անխտիր: Անգամ իմ հին ընկերների, ընկեր նախարարների հետ էլ աշխատում եմ այս շրջանում չշփվել, ես չեմ շփվում, ամբողջ օրն իմ գործին եմ ու իմ ընտանիքի հետ եմ: Այդքան բան կարող եմ ասել:
-Բայց այդ ամենի համար պատճառ է պետք, ինչո՞ւ եք որոշել այդպես կտրուկ կերպով Ձեր կոլեգաների հետ չշփվել: Հնարավո՞ր է՝ ինչ-որ խնդիրներ ունեք նրանց հետ:
-Ոչ մի պատճառ չկա, Դուք տեսնում եք՝ ինչպիսի ժամանակներ են. օդի մեջ մարդու գլխին մի բան են սարքում, անպայման ուզում են մի բան մոգոնեն, ավելորդ մի բան… Իրոք պատճառ չկա, որեւէ մեկից նեղացած չեմ, բոլորի նկատմամբ շատ ուշադիր եմ, շատ ջերմ եմ, այնպես չէ, որ որեւիցե մեկից սառնություն եմ տեսնում կամ վիրավորված եմ, չէ՛, ընդհանուրով նորմալ է: Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ուղղակի ես այս պահին ուզում եմ հանգստանամ, իսկ ամեն մի շփում շինծու ձեւակերպվում է, ու սկսվում են անհեթեթ վերլուծություններ, որն իմ ներվերի վրա ազդում է: Էդքան սուտ-մուտ բաներ գրին, որից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում, մի քիչ վիրավորված եմ դրանից, որ փորձում են ջուր պղտորել, ինչ-որ բան ստեղծեն, ինչ-որ մեկին վարկաբեկեն… Չգիտեմ՝ ինչու այդ մեկը ես պետք է լինեմ, եթե դրա կարիքն ու պատճառները չկան: Դրա համար էլ չեմ ուզում որեւիցե բանի միջամտեմ` գործի ու տուն: Ինչքան լուրեր լսում եք, սաղ սուտ ա, սաղ սուտ են տարածում, հնարավոր է` դա ինչ-որ մեկին պետք է:
-Ի՞նչն է սուտ, ո՞ր տեղեկությունն է սուտ, որից հիասթափվել եք ու չեք ցանկանում որեւիցե շփում ունենալ…
-Որեւիցե մեկնաբանություն չեմ անելու, որովհետեւ նույնը կարող է հիմա կրկնվել, ոչ մեկից նեղացած չեմ, այդքան բան, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:
-Նշեցիք, որ սա այնպիսի ժամանակահատված է, որ ինչ-որ մի բան են անում ու շինծու ձեւով ինչ-որ մեկի «գլխին սարքում», փորձե՞լ են Ձեր «գլխին ինչ-որ բան սարքել»:
-Չէ՛, գլխին սարքելու բան չկա, ուղղակի անիմաստ վերլուծություններ են մամուլում զետեղվում, որի կարիքն ընդհանրապես չկա եւ իրականությունից բացահայտ հեռու է: Դրա համար չեմ ուզում… Խնդրում եմ, իմ մասին մոռացե՛ք, ժամանակավորապես ինձ մի՛ հիշեք, հիմա ես աշխատում եմ, իմ աշխատանքով զբաղված մարդ եմ:
-Դուք այժմ Սերժ Սարգսյանի խորհրդականն եք, գո՞հ եք Ձեր պաշտոնից:
-Իսկ ինչո՞ւ պետք է գոհ չլինեմ, նախագահի խորհրդական լինելը, կարծում եմ, այսօր շատ պատվավոր աշխատանք է, շատ պատվավոր:
-Իսկ ի՞նչ խորհուրդներ եք տալիս Ձեր ղեկավարին:
-Դուք արդեն անցնում եք այն թեմային, ինչի մասին ես նշեցի, որ ընդհանրապես չեմ ցանկանում խոսել, կարծում եմ՝ դրա կարիքը չկա, ինձանից խոսք կորզել Ձեզ խորհուրդ չեմ տա: Դուք նոր ինձ ասացիք, ես Ձեզ պատասխանեցի, որ չեմ ցանկանում խոսել: Ի՞նչ խորհուրդներ եք տալիս, ի՞նչ կարծիքի եք քաղաքական դաշտի մասին… Ես նշեցի, որ չեմ ցանկանում խոսել:
-Երկա՞ր է ձգվելու Ձեր լռության եւ մեկուսացման փուլը:
-Հնարավոր է՝ լինի վիճակ, որ խոսեմ, ես չեմ կարող երկար ժամանակ պասիվ մնալ, ես ակտիվ մարդ եմ, օրը կգա, ու ժամանակը ցույց կտա, ժամանակն ամեն ինչի դեղն է, ու ամեն ինչը կորոշվի համապատասխան ժամանակի մեջ:
-Ձեր ձայնից, պատասխաններից հասկանալի է դառնում, որ Դուք խորապես վիրավորված եք Ձեր շրջապատից, Ձեր կոլեգաներից…
-(Ծիծաղում է-Ս.Գ.) Լավ էլի՛, քույրի՛կ ջան, ի՞նչ եք ուզում, նորմալ է, թողե՛ք հանգստանամ: Դե ի՞նչ ասեմ, եթե Դուք էդքանը զգում եք… կնոջ հոգեբանությունը, ինտուիցիան ուժեղ է լինում… նորմալ է, նորմալ, հետո կզրուցենք:
ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ՉԻ ՇՓՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ