ԲՀԿ-Ն ՕՍԿԱՆՅԱՆԻ ՁԵՌՔԸ «ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիվիլիթաս» հիմնադրամում փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործում բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ԱԱԾ-ում երեկ հրաժարվել է ցուցմունք տալուց: Իր կեցվածքը պարոն Օսկանյանը մեկնաբանել է այսպես. «ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»:
Դատելով քրեական գործի՝ գոնե հրապարակված մանրամասներից եւ Օսկանյանին հարցաքննության հրավիրելու պարբերականությունից, իշխանություններն այս հարցում բավական լուրջ են տրամադրված: Բայց մյուս կողմից ԱԱԾ-ն դեռեւս հանդուրժում է Օսկանյանի այս գործողությունները: Եթե այլ ընդդիմադիրների ԱԱԾ-ն բերման էր ենթարկում՝ փողոցում ինքնաձիգներով զինված հատուկ նշանակության ջոկատի միջամտությամբ «մասկի շոուներ» անելով, ծեծկռտոցով եւ այլն, ապա ԱԳ նախկին նախարարի հարցում բավականին «նուրբ են»:
Երեկ՝ հարցաքննությունից հետո, Վարդան Օսկանյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ մեկնաբանելով, թե ինչու ԲՀԿ-ն առ այսօր հանդես չի եկել հայտարարությամբ: «Վստահ եմ՝ ինչ-որ ասել է, ասել է ԲՀԿ-ն, բայց հարմար պահի, համոզված եմ, որ ավելի հստակ բան կասի»,-նշեց նա՝ հավելելով, որ ինքը կուսակցությանը տեղյակ է պահել զարգացումների մասին: Իսկապես ԲՀԿ-ն այսօր աննախանձելի վիճակում է հայտնվել. եթե հրապարակավ զորակցի Օսկանյանին՝ դատապարտելով նրա նկատմամբ բռնությունները, ճնշումների սլաքը ակամա կուղղի իր դեմ: Եթե լռի, քաղաքական համրություն դրսեւորի, առավել կվտանգի հզոր կուսակցության իմիջ ունեցող իր «բարի համբավը»:
Բայց քանի որ Օսկանյան ասելով՝ քաղաքական դաշտում շարունակում են պատկերացնել Ռոբերտ Քոչարյանին, երեկ լրագրողները ԱԳ նախկին  նախարարից հետաքրքրվեցին՝ տարիներ շարունակ լինելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ, նրա հետ արդյոք քննարկել է քրեական գործի հարուցման փաստը: Ի պատասխան՝ նախկին նախարարն ասաց. «Սա իմ խնդիրն է, որեւէ այլ մարդու խնդիրը չէ: Ես սա համարում եմ քաղաքական պայքարի մաս, որ ընտրել են իշխանությունները, եւ ես, թեկուզ առանձին, այս պայքարը տանելու եմ: Ոչ մի ակնկալություն այս պահին ես որեւէ մեկից չունեմ»: Իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե Քոչարյանը ՀՀ-ում չէ, եւ նրա դիրքորոշումը հնարավոր կլինի իմանալ վերադարձից հետո:
Հ.Գ. Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ այս ամենին հետեւեց նաեւ մեկ այլ ուշագրավ իրադարձություն. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունները, այլ միայն ասել է, որ գործարանը շարունակելու է աշխատանքը, եւ որեւէ աշխատող գործազուրկ չի մնա: Թեեւ Տոնոյանը կատարվածում խորհուրդ է տվել քաղաքական ենթատեքստ չփնտրել, սակայն փաստերի համադրությունն այլ բանի մասին է խոսում: Համենայնդեպս, ԲՀԿ-ի շուրջ տարօրինակ զուգադիպությունները սկսել են շատանալ:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս