Ինչ եղավ, երբ ԱԱԾ ծառայողից կաշառք պահանջեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային  պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:

Պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից՝ ստուգարք ստանալու դիմաց, պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար:

Armlur.am-ի հետ զրույցում բուհի պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը հայտնեց, որ նշված ուսանողը հեռակա ավարտական կուրսում է սովորում, և նրա ուսումնական պրակտիկայի առարկայական մեթոդիստը Տիգրան Մադոյանն էր: Միջադեպը, ըստ մեր զրուցակցի, տեղի է ունեցել ուսանողի պրակտիկայի օրագրում առկա թերությունների պատճառով:

«Ես դեռևս ուսանողի հետ չեմ խոսել, նա այս պահին ծառայության է: Իսկ Մադոյանն արդեն 10 տարուց  ավել է՝ մեր դասախոսներից է, նախկինում, բնականաբար, նման դեպքեր չեն եղել, քանի որ եթե լինեին, նա այստեղ չէր աշխատի մինչև հիմա»,- նկատեց մեր զրուցակիցը:

Տեղեկացնենք, որ ԱԱԾ Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս