«Ժառանգությունը» տարեվերջյան ուղերձ է հղել՝ հանրային միացյալ օրակարգ դարբնելու մաղթանքով:
«Ժառանգություն» կուսակցությունը բոլոր գործընկերներին իր գնահատանքն է հայտնում այս տարվա ողջ ընթացքում ծավալած համագործակցության համար: Միայն բարին մաղթելով՝ հույս ենք տածում, որ Նոր տարում այն կդառնա առավել ամբողջական, թափանցիկ և քաղաքացու նկատմամբ հաշվետու հարգանքով:
2015 թվականին ոգեկոչելու ենք Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրամյա զոհերին ու տակավին չհատուցված աննախադեպ ոճիրը մարդկության դեմ: Բախելու ենք աշխարհի դուռը և ասելու ենք` արդարություն:
Հավաքական մեր իրավունքների վերականգնման այդ ճամփին անհրաժեշտ է նաև, որ մենք պետական մեր օջախում ապահովենք այդ նույն արդարությունը՝ ժողովրդին պատկանող սահմանադրական իշխանություն, ինքնիշխան հանրապետություն, գերակայող ազատություն, պաշտպանված զինվոր ու սահման, քաղաքական բանտարկյալների և բռնությունների բացառում, մարդու հոգևոր ու նյութական արժանապատվություն:
Համալիր այս հրամայականներին հասնելու համար պետք է քաղաքական-քաղաքացիական նորացված հարթակով դարբնել հանրային իրապես միացյալ օրակարգ՝ ռազմավարական նշանակության նպատակասլաց հրապարակով:
Բոլոր դեպքերում՝ օրենսդիր մարմնում կառուցողական առկա խորհրդատվությունները կշարունակվեն, ինչպես հարկն է, ընդհանուր շահերից ելնելով: Բայցևայնպես՝ առանց արդիականացված ու անկեղծ նոր մեթոդաբանության, պատշաճ հստակեցման ու բացախոսության, գրեթե անհնար է լինելու կյանքի կոչել համաժողովրդական անվանմամբ որևէ արժեք՝ լինի դա շարժում, գրասենյակ, խորհուրդ կամ նպատակ:
Հայրենիքի և ազգի ապագայի դեմհանդիման կանգնած արտաքին վտանգներն ու ներքին խոցերը, սոցիալ-տնտեսական ահագնացող տագնապը և Հայաստանի հետագա զարգացման՝ ընտրված ուղու անհեռանկարայնությունը պահանջում են անմիջական, էական վերանայումներ ու հետևող քայլեր՝ մեր երկիրը փրկելու համար: Այս հանձնառությունը յուրաքանչյուրիցս վեր է, պատկանում է բոլորիս՝ միասին:
Մնացեք բարով: