ԻՐԵՆՑ ՓՈՐՁԻՑ
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմը «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված վերջին զարգացումների շուրջ հայտարարել է. «Հաշվի առնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նախադեպն ու փորձը՝ մենք համոզված ենք, որ քրեական գործն ուղղորդված քաղաքական պատվեր է: Մենք կարծում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դեմ պայքարն անօգուտ, անարդյունավետ զբաղմունք է, իսկ այդ պայքարում իրավապահ մարմիններին որպես գործիք օգտագործելու մեթոդն ուղղակի վայել չէ մեր պետությանը»:
50 ՆԱԽԱԳԻԾ
Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում տեղադրել է ԱԺ աշնանային նստաշրջանում ներկայացման ենթակա օրենսդրական 50 նախաձեռնությունները եւ նշել. «Կփորձեմ հասցնել այդ հարցերը բարձրացնել։ Սա նախագիծ է։ Կարելի է անել լրացումներ։ Նկատի ունեմ հրատապ հարցեր, որոնք կուզեիք տեսնել առաջիկա աշնանային նստաշրջանում»:
ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ
Tert.am-ի-ի տեղեկացմամբ, հունիսի 11-12-ին միայն մայրաքաղաքում ճանապարհային ոստիկանության հատուկ տարածք է տեղափոխվել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող 4 մեքենա, եւս 9 մեքենա՝ հատուկ խլացուցիչներով, որոնք երթեւեկելիս բարձր ձայն են հանում: Հիշեցնենք, որ 4 օր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը եւ արտաքին տեսքը երթեւեկության կազմակերպման եւ կուլտուրայի կարեւոր բաղադրիչներն են, բայց, ցավոք, նաեւ օրենսդրության այս պահանջը երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:
ԿԱՐԱԲԱԼԱՆ` ԻՐ ՏԵՂՈՒՄ
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած ծաղկավաճառ Կարաբալայի արձանը վերադարձվել է իր նախկին տեղը` Աբովյան փողոց: Հուշարձանի կանգնեցման վայրն ընտրվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի եւ արձանի հեղինակ Լեւոն Թոքմաջյանի կողմից:
ԽԱՂ Է
Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեջ մեղադրելը, ըստ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի, «շատ լավ մտածված խաղ է»: «Սերժ Սարգսյանն ուզում է ցուցադրել, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լավ հարաբերությունների մեջ չէ, եւ եթե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսներն ուսումնասիրեր, այնքա՜ն բան կարող էր գտնել: Ի՞նչ կապ ունի Օսկանյանի գործի էությունը, ծիծաղելի հաղորդագրություն էր: Այս ամենի քաղաքական ենթատեքստն այն է, որ Ս. Սարգսյանը նմանատիպ շինծու քայլերով փորձում է Ռոբերտ Քոչարյանին Մոսկվայում որպես թեկնածու փչել, որովհետեւ Քոչարյանը Մոսկվայում էլ խնդիրներ ունի, չէ՞ որ ինքը երաշխավոր է եղել Ս. Սարգսյանի գալու համար:»,-1in.am-ին ասել է Կարապետյանը:
ԿԱՐԿՈՒՏԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության ամփոփմամբ, հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւների ու կարկուտի հետեւանքով վնասվել է 500 հա հացահատիկի, 170 հա կարտոֆիլի ցանկատարածքները: Կարկուտից գրեթե ոչնչացել են նաեւ 28 հեկտար բանջարաբոստանային մշակաբույսեր եւ 108 հեկտար բազմամյա խոտաբույսեր: Կարկուտից մեծապես տուժել են Գավառ քաղաքը, Կարմիրգյուղը, Գանձակը, Սարուխանը, Արծվաքարը, Փամբակը, Ծովազարդը եւ այլ համայնքներ: Կարմիրգյուղում սելավներից վնասվել են գյուղի թիվ 2 միջն. դպրոցը եւ 50 բնակարան: