Մարտունու ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման պատճառը ծեծկռտո՞ւքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ոստիկանության Մարտունու բաժնի պետ Վահան Մարգարյանն ազատվել է պաշտոնից լիազորությունները չարաշահելու համար: Այս լուրը պաշտոնապես հաստատել է ոստիկանության լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ կատարվում է ծառայողական քննություն:

Armlur.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկության պատճառն աշխատակիցներից մեկի և ոստիկանապետի միջև տեղի ունեցած վիճաբանությունն է, որը վերածվել է ծեծկռտուքի: Ըստ երևույթին, վիճաբանությանը մասնակից է եղել նաև Վահան Մարգարյանի տեղակալը, ով ևս ազատվել է պաշտոնից: Որն է եղել վիճաբանության պատճառը, պաշտոնապես պարզել չհաջողվեց:

Armlur.am-ը կապ հաստատեց Վահան Մարգարյանի հետ, ով մեզ հորդորեց կապ հաստատել ոստիկանության լրատվական ծառայության հետ, և մեր ճշտող հարցին՝ նա չի՞ հերքում լուրը, հնչեց պատասխանը. «Դա ձեր խնդիրն ա»:

Նկատենք, որ դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել էր ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակցի: Իսկ «զանգվածային» պաշտոնանկությունների նախորդ օրը ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ոստիկանությունից գնում են բոլոր նրանք, ովքեր նոր համազգեստի մեջ չեն տեղավորվում իրենց մտածելակերպով և վարքագծով: Եվ դա շարունակվելու է: Ես կարծում եմ, որ 2015 թվականից կմտնենք ավելի ինտելեկտուալ փուլ: Այսինքն՝ որոշակի գիտելիքներով, որոշակի մարտավարությամբ կմտնենք մյուս փուլ և կունենանք ավելի կիրթ ու գրագետ ոստիկաններ շարքայինից մինչև…»:

Վլադիմիր Գասպարյանը բազմիցս նշել է, որ այն բոլոր ոստիկաններին, ովքեր չեն համապատասխանում ոստիկանի պահանջված կերպարին, ինքը «կհանի համազգեստի միջից»: Այսպիսով՝ պաշտոնանկությունները շարունակվում են:




Լրահոս