ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ ունեցած հերթական ճեպազրույցում պարզաբանել է, թե ինչի հետ է կապված ռուսական ռուբլու անկումը:
«Ես երկրի ներսում նրանց տնտեսական միջոցների ինչ-որ հատուկ անալիզի արդյունքներ չունեմ: Սակայն պետքարտուղարն արդեն խոսել է ռուբլու անկման ու տնտեսական բարդությունների մասին, որոնց հետ, հավանաբար, բախվել է Ռուսաստանը: Նա ընդգծել է, որ բնականաբար, ամեն բան իր գինն ունի, այդ թվում՝ նաև այն, որ Ռուսաստանը բռնագրավել է Ղրիմը և շարունակում է սատարել անջատողականներին», – նշել է Փսակին:
Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ տնտեսական իրավիճակը Ռուսաստանում պայմանավորված է ոչ միայն հակառուսաստանյան պատժամիջոցներով: Նրա խոսքով՝ զգալի դեր են խաղում նաև նավթի գնի անկումը և տնտեսական ոլորտում ղեկավարության ցածր մակարդակը:
Լրագրողների այն հարցին, թե հասկանում է արդյոք ամերիկյան ղեկավարությունը, որ ռուբլու արժեզրկումը կբերի տարածաշրջանային ապակայունացման և, ի վերջո, կանդրադառնա շարքային ռուսաստանցիների վրա, Փսակին պատասխանել է. «Ակնհայտ է, որ պատժամիջոցներն ուղղված չեն Ռուսաստանի հասարակ քաղաքացիների դեմ: Նրանք նպատակ ունեն ցուցադրելու, որ ամեն բան իր գինն ունի, և Ռուսաստանը կարող է ընտրություն կատարել, ինչը թույլ կտա փոփոխել պատժամիջոցների ուղղվածությունը: Ընտրությունը նախագահ Պուտինի ձեռքում է», –
ասել է նա: