Բանկոմատի գյուտարարը հայ է․ Լյութեր Սիմջյանի գյուտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանկոմատ սարքը 20-րդ դարի նորարարություններից է, որը մեծ փոփոխություններ մտցրեց մարդկանց կյանքում և փոխեց նաև դրամի և ծառայությունների մասին մոտեցումները:

Retail Banking Research հետազոտական ընկերությունը որոշ ժամանակ առաջ տեղեկություններ էր տարածել, թե այդ սարքի հեղինակը հայ է. հայտնում է Forbes-ը: Հաղորդագրությունում նշվում է, որ աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը պատկանում է ամերիկացի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանին:

Իսկ ո՞վ էր այդ խորհրդավոր մարդը:

Նշենք, որ Սիմջյանը բազմաթիվ գյուտերի հեղինակ է` ինքնակենտրոնացնող տեսախցիկ, ինքնաթիռի թռիչքը մոդելավորող սարք, փոստային ծախքերի հաշվիչ և այլն:

Հայազգի Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ծնվել է 1905 թ. հունվարի 28-ին Թուրքիայի Այնթափ (ներկայումս՝ Գազիանթեփ) բնակավայրում: Նա միշտ հակում է ունեցել մեխանիկական և էլեկտրոնային սարքերի նկատմամբ, ինչի արդյունքում հետագայում կատարել է բազմաթիվ նորարարություններ և գյուտեր` բժշկության, լուսանկարչության, օդագնացության, բանկային և այլ ոլորտներում:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Թուրքիայում շարունակվում էր հայերի ցեղասպանությունը, Սիմջյանների ընտանիքը գաղթում է Բեյրութ, այնուհետև` տեղափոխվում Ֆրանսիայի Մարսել քաղաք: 1920 թ. նրա ընտանիքը հաստատվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեվեն քաղաքում:

15 տարեկան Սիմջյանն ընդունվում է Յելի (Yale) բժշկական դպրոց, որտեղ նրան հետագայում աշխատանք են առաջարկում լուսանկարչական լաբորատորիայում:

1928 թ. նշանակվում է նույն բժշկական դպրոցի լուսանկարչության բաժնի տնօրեն։

1939 թ. Սիմջյանի մոտ միտք է ծագում ստեղծել պատի մեջ տեղադրվող ավտոմատ սարք, որը թույլ կտար բանկի հաճախորդներին ֆինանսական գործարքներ իրականացնել առանց գանձապահի միջամտության: Այս սարքը հետագայում ստանում է Bankomatic անունը: Սիմջյանը նախնական պայմանագիր է կնքում City Bank of New York-ի (ներկայումս՝ Citibank) հետ՝ իր սարքի սկզբնօրինակը վեց ամսով փորձնական շահագործման ենթարկելու վերաբերյալ: Սակայն այն տարիներին չկար բանկոմատների ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը սառեցվում է:

Սիմջյանը երբեք չէր դադարում ստեղծագործել։ Նույնիսկ 92 տարեկանում նա արտոնագիր է ստանում: Կյանքի վերջին տարիներին գյուտարարն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լաուդերդալում կառուցում է փոքր կրթական և գիտահետազոտական լաբորատորիա և շարունակում է ստեղծագործել մինչև իր մահը՝ 1997 թ. հոկտեմբերի 23-ը:

 




Լրահոս