Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում երեկ տեղի ունեցավ բժշկա-ադմինիստրատիվ կոնսիլիում (գիտաժողով), որի ընթացքում քննարկվեց ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի՝ Գերմանիայում բուժվելու հարցը: Որոշվեց, որ նրան չեն ուղարկելու արտերկիր:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում 2011-ի դեկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը: Նա հիմա գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Զինծառայողի մոտ ախտորոշվել է պարանոցային ողի եւ ողնուղեղի լրիվ ընդհատում, այսինքն` պարանոցային վեցերորդ ողից ներքեւ նրա ողնուղեղը չի «աշխատում»:
Գիտաժողովին ներկա էին՝ Արտաշես Փարսադանյանը (ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բժշկական գիտությունների պրոֆեսոր), Արման Հակոբյանը (Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժնի պետ), Մանվել Վարդանյանը (ռազմաբժշկական վարչության հոսպիտալային բաժնի պետ), Մամիկոն Եղունյանը («Էրեբունի» բ/կ-ի գլխավոր նեյրովիրաբույժ), Գագիկ Մարգարյանը («Կարմիր խաչ»-ի գլխավոր բժիշկ), Սուրեն Դավթյանը (ԱԱ-ի խորհրդի անդամ), զինվորական հոսպիտալի վիրաբույժներ ու բժիշկներ: Ներկա էին նաեւ ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի ծնողները, որոնք էլ ՊՆ-ի առջեւ հարց էին բարձրացրել, որ տղան բուժվի այլ երկրում:
Հանձնաժողովի քննարկումից հետո որոշվեց, որ կշարունակվեն Գեւորգի բուժական եւ վերականգնողական աշխատանքները, եւ դրան զուգահեռ կապ կհաստատեն այլ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Իսրայելի, եվրոպական մի շարք պետությունների բուժհաստատությունների հետ, որպեսզի տեսնեն՝ հնարավոր է որեւէ կերպ օգնել զինվորին:
Քննարկման ժամանակ Արտաշես Փարսադանյանը տեղեկացրեց. «Գերմանացի բժիշկների գործողությունները գնահատելով՝ մենք եկանք այն եզրակացության, որ իրենք ձգձգում են, որովհետեւ դեռ երկու-երեք ամիս առաջ սկսված բանակցություններն էլի տեղափոխում են: Հիմա էլ՝ հուլիսի կեսերին: Մենք ի՞նչ կարող ենք անել»:
Իսկ «Էրեբունի» բ/կ-ի գլխավոր նեյրովիրաբույժը բացատրեց, որ անկախ նրանից, թե զինվորը որ երկրում կբուժվի, նա չի կարող վերականգնել իր նախկին առողջությունը: Գերմանիայում էլ նրան պարզապես կսկսեն հոգեբանորեն տրամադրել, որ դա է իր կյանքը եւ ոչ ավելին: «Հարգելի՛ ծնողներ, ես, ձեր աչքերի մեջ նայելով, ասեմ, որ եթե կարծում եք՝ իրենց ասածը վերաբերում է ծավալների շարժմանը, ապա ես ձեզ ասում եմ՝ ո՛չ, ծավալ չի ավելանալու: Շատերի մոտ թյուր կարծիք է ստեղծվում, թե ռեաբիլիտացիայով հիվանդը գնաց Գերմանիա, բուժվեց ու վազելով կգա եւ ֆուտբոլ կխաղա: Չի լինի»,-դիմելով ծնողներին՝ հայտարարեց բժիշկը:
«Ժողովուրդ»-ը գիտաժողովի ավարտից հետո զրուցեց Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ Արսեն Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ամիսներ շարունակ ՀՀ ՊՆ-ն հույս տվել զինվորի ծնողներին, թե շուտով կբուժեն տղային, հիմա էլ ասում են, որ չեն կարող Գերմանիա ուղարկել: «Գերմանացի պրոֆեսորներն այդքան չէ, ինչքան ռուսական մի միջնորդ կազմակերպություն կա, որն այստեղից մարդ է հավաքում եւ տանում է այնտեղ՝ իբր կարծեցյալ բուժման: Նրանք էլ խոստանում են, որ ինչ-որ բաների կհասնեն իրենց բուժումներով: Բայց դա հնարավոր չէ: Ոչ միայն ես եմ այդպես կարծում, այլեւ համաշխարհային բժշկագիտությունը: Գեւորգը պետք է հոգեբանական ռեաբիլիտացիա անցնի, այսինքն՝ պետք է ընկալի, որ սա է իր ճակատագիրը: Նա պետք է պառկած մնա»,-ասաց վիրաբույժը:
Զրուցեինք նաեւ Գեւորգի մոր՝ տիկին Նաիրայի հետ, որն անվերջ լացում էր. «Սա չէր տղայիս ճակատագիրը: Հիմա ինչպե՞ս պետք է նայեմ որդուս աչքերին: Ախր նա սպասում էր, որ պետք է գնա Գերմանիա, բուժվի»:
Այսպիսով՝ ադրբեջանցու գնդակից վիրավորված մեր զինվորը պետք է դեռ փառք տա Աստծուն, որ ինքնուրույն է շնչում եւ ոչ թե սարքավորումների միջոցով: Իսկ եթե ճակատագիրը ժպտա նրան, ու հնարավոր լինի վերականգման միջոցով նրան նստեցնել սայլակին, հրաշք կլինի: Ցավոք:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՄ ՆԱՅԵԼՈՒ ՈՐԴՈՒՍ ԱՉՔԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ