Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի խանութներից մեկում սպանված Վիգեն Սահակյանի գործով կալանքի տակ գտնվող Արման Հովսեփյանը շուտով հայր է դառնալու: Բայց դժվար թե կարողանա մոտ ապագայում երեխային տեսնել, քանի որ նրան սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը եւ Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ էին մտել նշված մթերային խանութի վաճառող, 1983թ. ծնված Արման Հովսեփյանի հետ եւ ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վեճի արդյունքում երշիկի դանակով Արմանը հարվածել էր Գանձակ գյուղի բնակիչ Վիգեն Սահակյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում Արման Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 108 հոդվածի (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն) հատկանիշներով: Գործը դեռ նախաքննության փուլում է:
«Ժողովուրդ»-ը ձերբակալված Արման Հովսեփյանի դատապաշտպան Լուսինե Ավագյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ նորություն կա գործից. «Առայժմ ոչ մի նորություն չկա, հատուկ բան դեռ չի փոխվել: Ես կանխատեսում եմ, որ 108 հոդվածով նախատեսված մեղադրանքն Արմանի վրայից կհանեն: Աշխատում եմ, որ քրեական հետապնդումն իր նկատմամբ դադարեցվի»: Տեղեկացանք, որ քննիչը միջնորդություն է արել, որպեսզի կալանքի ժամկետը երկարաձգվի մինչեւ նախաքննության ավարտը: Դրա համար էլ Արմանը հիմա գտնվում է Գավառի՝ ձերբակալվածներին պահելու վայրում (ՁՊՎ):
Գավառի բնակիչների հետ զրույցում պարզեցինք, որ Արմանի կինն օգոստոսին կծննդաբերի: Բայց քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում, դժվար թե Արմանը կարողանա լիարժեք վայելել այդ ուրախությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց կալանքի տակ գտնվող Հովսեփյանի ծնողներից պարզել, թե ինչ փոխհարաբերություններ ունեն սպանվածի ընտանիքի հետ: Արդյո՞ք ամեն ինչ հարթ է, թե՞ հնարավոր է՝ հաշվեհարդարի կամ, ինչպես ասում են, վենդետայի դրսեւորումներ լինեն: Արմանի մայրը՝ տիկին Ծովինարը, մեզ ասաց. «Մենք որոշել ենք մարդ ուղարկենք Վիգենենց տուն, բայց չենք իմանում, թե ինչպես կընդունեն: Ոչ թե մտածում եմ, որ մեզ կծեծեն, այլ իրենց ավելի վատ կզգան, որ մենք գնանք: Չգիտեմ դեռ»:
Տիկին Ծովինարն ասաց, որ որդու ձերբակալությունից հետո մեկ անգամ է նրան տեսել եւ մեծ հույսեր ունի, որ Արմանին կարդարացնեն: «Ես գիտեմ, որ իմ տղան անմեղ է, խմած եկան, մեր խանութում հարձակվեցին վրան, ինքն ընդամենը պաշտպանվել է»,-հիշեցրեց տիկին Ծովինարը:
Մոր կարծիքով՝ որդին իր ամբողջ կյանքում չի մոռանա կատարվածը: Նրա պատմելով՝ Արմանը՝ որպես հաշվապահ, սկզբում դպրոցում է աշխատել, այնուհետեւ սպորտդպրոցում: «Սովորած, ավարտած է, լավ շրջապատ է ունեցել: Բոլորի կողմից շատ հարգված է: Ով ծանոթացել է նրա հետ, կպել է ու պոկ չի եկել: Էդպիսի տղա է: Մեծ հեռանկարներ ուներ»,-որդուն բնութագրեց մայրը:
Հիշեցնենք, որ սպանված Վիգեն Սահակյանին եւս նրա հարազատները գովաբանում էին՝ նկարագրելով, որ նա «ջիգյարով, խելոք, շնորհքով, թասիբով տղա էր»:
Զրուցեցինք նաեւ սպանվածի՝ Վիգենի հորեղբորորդի Վենիր Սահակյանի հետ եւ պարզեցինք, որ Վիգենի ծնողները չեն ցանկանում հանդիպել Արմանի (սպանողի) ծնողների հետ: «Իրենց որդու մահից հետո միայն նստած լաց են լինում: Դեռ չեն համակերպվել այդ մտքի հետ: Նույնիսկ մորաքրոջ որդուն՝ Շահեն Չանդոյանին չեն ուզում տեսնել: Հենց Շահենն էր այդ օրը Վիգենի հետ մտել խանութ ու ծեծի ենթարկել խանութպանին»,-ներկայացրեց Վենիրը:
ԱՐՄԱՆԸ ԲԱՆՏՈՒՄ ՀԱՅՐ ԿԴԱՌՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ