Ընդառաջելով ԵՊՀ ուսանողների հրավերին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարն անդրադարձել է միջազգային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումներին, պատասխանել ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների՝ սկսած փոխարժեքի տատանումների և ուսման վարձի չափերի կապին, վերջացրած Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական ծրագրերին և Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման խնդիրներին:
Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե բացասաբար չի՞ ազդում փոխարժեքի տատանումը կրթության գործի կազմակերպման վրա, նախարարը նշել է, որ ցանկացած ոլորտում, այդ թվում նաև կրթության համակարգում ֆինանսական կայունությունը կարևոր նախապայման է. «Կոնկրետ ձեր պարագայում ուսման վարձերի փոփոխություն՝ մինչև ուսումնառության ավարտը, վստահաբար չի լինի: Գործող կարգի համաձայն, սովորելու ընթացքում վարձավճարի փոփոխություն չի կարող լինել: Իսկ թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրեն բուհերը հետագայում, այս պահին դժվար է կանխատեսել, համենայն դեպս կրթության և գիտության նախարարությունը իր կողմից բոլոր քայլերը կգործադրի, որ ուսման վարձի բարձրացում չլինի: Մյուս կողմից ակնհայտ է նաև, որ տարադրամի կտրուկ տատանումները բացասաբար են ազդում բուհերի բյուջեների վրա:
Առաջիկայում բուհերն իրենց կառավարման խորհրդների հաստատմանն են ներկայացնելու գալիք տարվա բյուջեները: Ես կարծում եմ, որ բուհերը ստիպված են լինելու տեխնիկական վերազինման ծավալները որոշ չափով նվազեցնել, որովհետև ակնհայտ է, որ եթե օրինակ մեկ համակարգչի համար նրանք նախատեսել էին x գումար, այժմ ստիպված են լինելու ավելի շատ վճարել: Բացի այդ նվազում է նաև դասախոսական անձնակազմի աշխատավարձերի գնողունակությունը, ինչը ևս լրացուցիչ խնդիրներ հարուցում,- նշել է նախարարը և շարունակել,- բուհերը պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային միջոցների ներգրավման և միջազգային կապերի ոլորտում աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:
Միջազգային դրամաշնորհային ծրագրերը, մասնավորապես այս պահին ընթացքի մեջ գտնվող Էրազմուս+ ծրագիրը լավ հնարավորություններ են խոստանում բուհերին, եթե իհարկե նրանք կարողանան մրցունակ առաջարկներ ներկայացնել»:
Ի պատասխան մեկ այլ ուսանողի՝ ուսման վարձի զեղչերին վերաբերող հարցի, Ա. Աշոտյանը նշել է, որ պետությունը երաշխավորում է սոցիալապես անապահով, սակայն բարձր առաջադիմությամբ ուսանողի կրթության իրավունքը: Գործող օրենսդրությունը հստակ սահմանում է, թե սոցիալապես անապահով ուսանողները՝ համապատասխան միջին որակական գնահատական ունենալու դեպքում որքան զեղչ կարող են ստանալ: Պետության աջակցությունն այս դեպքում կարող է հասնել 30-ից մինչև 100 տոկոսի: Ըստ նախարարի՝ այժմ մշկավում է օրենսդրական նոր նախաձեռնություն, համաձայն որի՝ պետական պատվերի 10 տոկոսի չափով բուհերը պարտավոր են նաև սեփական միջոցներով անվճար կրթություն ապահովել:
Հանդիպման ընթացքում ուսանողները նախարարին հարցեր են ուղղել նաև
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների, միջազգային հանրության ակնկալվող արձագանքի և Հայաստանի կողմից այդ ուղղությամբ որդեգրված պետական քաղաքականության մասին, ինչպես նաև հետաքրքրվել Բոլոնիայի գործընթացի, դիպլոմների փոխճանաչման, բուհն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման և բազմաթիվ այլ խնդիրներով: