Երեկ Հաղթանակ գյուղում «Տիգրան Մեծ» ջոկատի անդամ, ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողության առթիվ մեծ միջոռացում էր կազմակերպվել թիվ 113 դպրոցում: Այնտեղ էին ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը:
Պատանի երկրապահները, տարբեր պարային խմբերի ներկայացուցիչներն իրենց հանդերձանքով տոնական տրամադրություն էին ստեղծել դպրոցի բակում, որտեղ տարբեր հատվածներից երեւում էր հայոց եռագույնը:
Կիսանդրու բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Բնականաբար, այնտեղ էին նաեւ Նորիկ Խաչատրյանի մարտական ընկերները «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գլխավորությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ազատամարտիկի որդու հետ միասին երգիչ Համլետ Գեւորգյանի խրոխտ երգի հնչյունների ներքո բացեց Ն. Խաչատրյանի կիսանդրին, որից հետո ելույթ ունեցան Խաչատրյանի մարտական ընկերները:
Միջոցառման ընթացքում հետաքրքիր էր նկատել, թե ինչպես են տարիներ շարունակ արմատական ընդդիմադիր դաշտում պայքար ծավալող նախկին ազատամարտիկները կանգնել իշխանական դաշտի ներկայացուցիչների կողքին:
Իհարկե, անգամ լուսանկարում է հստակ երեւում, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը նույնիսկ իր կանգնած ձեւով է դիրքորոշում արտահայտում գործող իշխանության վերաբերյալ:
Հավելենք, որ այնտեղ էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը եւ էլի շատ ընդդիմադիրներ:
Միջոցառման տեսանյութը կարող եք դիտել armlur.am կայքէջում:
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՒՅՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ