ԴԱՌԸ ԴԱՏՈՒՄ ԵՆ, ԴԱՏԱՐԿ ՆՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Նորավան համայնքի բնակչուհի 56-ամյա Մանուշակ Ավդալյանը զայրացած է ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության նախարարությունների վարած քաղաքականությունից:
«Հայտարարում են, թե գյուղատնտեսությունը գերակա ճյուղ է, իսկ գյուղացու կաշին են քերթում: 80 դրամով վատորակ ցորեն են տվել, կրկնակի գնով աշնանը պահանջելու են: Խեղճ ու կրակ գյուղացի, արի՛ ու տակից դո՛ւրս արի»,-ասաց Մանուշակ Ավդալյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորավանի գյուղապետ Արթուր Միքայելյանը հավաստեց, որ կառավարության կողմից որպես սերմացու տրամադրված հացահատիկն իսկապես վատորակ էր ու չարդարացրեց «բերքատվության գովազդվող արդյունքները»: Արմավիրի մարզպետարանից Նորավանին տրամադրվել է 12 տոննա սերմացու ցորեն, որը բաշխվել է գյուղացիներին: Վերջիններս պայմանագրով պարտավորվել են բերքահավաքին վերադարձնել ստացածի   կրկնակին: Սակայն կառավարությունն աշնանը գյուղացիներից պահանջելու է կրկնակի փոխհատուցում ոչ թե բնամթերքով, այլ դրամով: Այսինքն՝ եթե 1 կգ սերմացուն տրամադրվել է 80 դրամով, նույն քանակի դիմաց կառավարությունը  պահանջելու է 160 դրամ կանխիկ գումար:   
Գյուղապետի կանխատեսումներով՝ Նորավանում սպասվում է հացահատիկի ցածր բերք: Գյուղապետարանից փաստում են, որ նախորդ տարիներին հեկտարից ստացել են միջին հաշվով 4 տոննա բերք, մինչդեռ այս աշնանը վատորակ սերմացուի պատճառով այդ ցուցանիշը կիջնի մինչեւ 2 տոննա:
«Գյուղացիները հայտնվել են սարսափելի վիճակում: Եթե հաշվում ենք 1 հա մշակաբույսի վրա կատարած ծախսը, ապա գյուղացին վնասով է փակում տարին,-ասում է Նորավանի համայնքապետ Ա. Միքայելյանը,-Մեկ հա հացահատիկի մշակության  համար անհրաժեշտ  է 300 կգ սերմացու, կգ-ը 160 դրամով հաշված՝ կազմում է մոտ 48 հազար դրամ: Հողը վարելու համար անհրաժեշտ է 80 լիտր դիզվառելիք, եւս 20-հազարական դրամ տալիս ենք տրակտորիստին եւ սերմ ցանողին: Ջրի վարձը կազմում է 56, պարարտանյութը՝ 60, սրսկման աշխատանքները 50-հազարական դրամ: Հողի հարկը մոտ 17 հազար դրամ է, իսկ կոմբայնի քաղման եւ տեղափոխման գումարը կազմում է 40 հազար դրամ: Հեկտարի հաշվով հացահատիկի մշակությունը գյուղացու վրա նստում է 350 հազար դրամ: Մի խոսքով, դառը դատում ենք, դատարկ նստում»:
«Ժողովուրդ»-ը նորավանցիներից տեղեկացավ, որ գյուղը մեծապես տուժել է նաեւ  հունիսի 9-ի տեղումների հետեւանքով առաջացած սելավաջրերից: Ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Նորավանում մոտ 50 հա հողատարածք, մասնավորապես՝ ցորենի, ձմերուկի, կաղամբի, բամիայի դաշտեր, տուժել են սելավի պատճառով:    
Ա. Միքայելյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ժամանած հանձնախումբը եղել է Նորավանում, տեղում ուսումնասիրություններ կատարել եւ ասել, որ «չեն պատրաստվում զիջողություններ անել, պայմանագրով նախատեսված ցորենը պիտի հետ վերադարձվի»: Իսկ գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ հացահատիկի ցածր բերքատվության պատճառը ոչ թե անորակ սերմացուն է, այլ ցրտահարությունը. «Առայժմ պարզ չէ՝ աշնանը կառավարությունն ինչ կորոշի, հիմա դրա մասին խոսելը վաղ է»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս