«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ոչ իշխանական եռյակը երկու օր շարունակ ամեն ինչ արեց խորհրդարանական «թեժ ձմեռ» սցենարը գլուխ բերելու համար. քաղաքական կապրիզի, մաղձի, ամբիոնի մոտ հերոս ձեւանալու պակաս չեղավ: Ամեն գնով երկրում իրավիճակ սրելուն պատրաստ ուժերը պարապ չմնացին նաեւ խորհրդարանից դուրս, ու իրենց գործելաոճին հարիր ՀԱԿ-ականները շտապեցին օտարի մոտ՝ գանգատվելու երկրից, իշխանությունից, մեր ներքին խնդիրներից:
Խորհրդարանի ոչ իշխանական քաղաքական ուժերից միայն մեկը՝ Դաշնակցությունը, դիմեց իրավիճակը շտկելու հստակ քայլերի եւ հասավ նրան, որ Ազգային ժողովը հրավիրեց արտահերթ նիստ ու ընդունեց կատարվածը դատապարտող հայտարարություն:
Երեկ Դաշնակցությունը հերթական անգամ ստիպված էր պարզաբանել, որ ի շահ երկրի արվող իրենց քայլերը, եթե անգամ դրանք համընկնում են իշխանության ցանկություններին, ամենեւին չեն նշանակում, որ ՀՅԴ-ն հավակնում է կոալիցիա կազմել հանրապետականների հետ:
«Եթե աշխատում ես Ազգային ժողովում, դու չես կարող ինչ-որ բանի հասնել առանց քաղաքական մեծամասնության հետ համագործակցության: Ստացվում է, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը մեր դեմ որպես հակափաստա՞րկ է բերվում:
ՀՅԴ-ի նպատակն էր շտկել իրավիճակը: Ու եթե սա չի հասկացվում, կնշանակի մարդիկ սխալ են հասկանում, թե ո՞րն է քաղաքական գործընթացների ճիշտ տրամաբանությունը: Պետք չէ բարիկադավորել հասարակությանը, հակառակը, պետք է ցույց տալ, որ առանց բարիկադների հնարավոր է հարցեր լուծել: Սա ամենադժվար գործն է, որը կատարում է ՀՅԴ-ն: Եվ շատ ուրախ եմ, որ այս անգամ մենք հաջողեցինք»,- նշել է Ա.Ռուստամյանը։»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: