«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաքս» թռչնաֆաբրիկան, որի սեփականատերը գործարար Խաչիկ Խաչատրյանն է, շուրջ 100 միլիոն դրամի չարաշահումներ է կատարել:
Դեռեւս 2014թ. օգոստոսի 8-ին Հայաստանի ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը խոշոր խախտում է բացահայտել «Արաքս» թռչնաֆաբրիկայում:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 3-րդ բաժինը «Արաքս» թռչնաֆաբրիկայում էլի խոշոր ապօրինություններ է բացահայտել:
Ընկերությունը ստեղծել է չհիմնավորված գերավճարներ: Հայտնաբերվել են խախտումներ նաեւ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման գծով: Պարզվել է, որ արտասահմանյան կազմակերպությունները ընկերությանը մատուցել են տրանսպորտային ծառայություններ, սակայն նրանց կատարած վճարումներից չի հաշվարկվել եւ բյուջե չի վճարվել ոչ ռեզիդենտի շահութահարկ՝ 5 տոկոս դրույքաչափով: Խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել «Սեյֆ Մոդ» ընկերությունը: Ասել է թե ընկերությունը խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից: Արդյունքում «Արաքս» թռչնաֆաբրիկայի եւ «Սեյֆ Մոդե» ընկերությունում բացահայտված խախտումների առնչությամբ ավելի քան 100 մլն դրամի տուգանք է նշանակվել:
Եւ այս մեքենայություններն իրականացնողների փաստացի ղեկավար Խաչիկ Խաչատրյանն իր պատիվը փրկելու համար դատարան է դիմել եւ շուրջ երկու տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթից ամեն կերպ ցանկանում է մի քանի միլիոն դրամ գումար «պոկել»»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: