ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եղբորս համար մեր տան կողքը առանձին տուն ենք կառուցում, բայց որոշ պատճառներով շինարարական աշխատանքները դադարեցրել ենք: Տեղյակ եմ, որ գույքահարկով հարկման ժամանակ հաշվի է առնվում շինության ոչ լրիվ պատրաստի լինելը: Ինչպե՞ս են բնութագրվում անավարտ (կիսակառույց) շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանները: Եթե տանիքն էլ կառուցենք, բայց պատերը մնան նախնական չհարդարված վիճակում, ապա շինությունը կհամարվի՞ ավարտված, թե՞ ոչ:

 Արամ Դալլաքյան, 58 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում անավարտ (կիսակառույց) շինությունները գույքահարկով հարկման նպատակով, ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման, կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի համար 645-Ն որոշմամբ, համաձայն որի`
ա) շինությունները համարվում են մինչեւ 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը եւ միջհարկային ծածկը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 0.5,
բ) շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) եւ տանիքը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 0.7,
գ) շինությունները համարվում են 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման եւ հարակից աշխատանքները. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 1.0:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որոշակի եւ դասակարգված պատասխանը մեր ընթերցողին թերեւս հնարավորություն կտա հստակ պատկերացնել, թե ինչ կարգավիճակում է իր տան հարեւանությամբ կառուցվող շինությունը: Ավելին, սա այն հարցերից է, որն առնչվում է ոչ միայն Արամ Դալլաքյանին, այլ հազարավոր մարդկանց, որոնք վերջին տարիներին շինարարություն են սկսել ու հասկանալի պատճառներով կիսատ թողել:




Լրահոս