Մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին, երբ 1 դոլարը կարելի էր գնել 450-460 դրամով, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը, իսկ դրամի արժեզրկումը ժամանակավոր բնույթ է կրում: Նույն բաները նա կրկնեց երեկ, երբ դոլարն արդեն արժեր 550-560 դրամ:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր չէ այս անկայուն վիճակը վերահսկել:
«Դոլարի կուրսի իջնելը բոլորովին էլ վերահսկողության արդյունք չէ: Շուկայում դոլարային ամբողջ զանգվածը դարձավ այս չափի ու մակարդակի: Այս պահին դոլարը՝ որպես ցանկացած ապրանք, առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությանն է ենթարկվում: Որքան ապրանքը քիչ է, այնքան դրա արժեքը բարձր է, և հակառակը»,- ասաց Բոստանջյանը:
Նրա կարծիքով՝ անվերահսկելի վիճակի արդյունք է նաև այն, որ անհասկանելի կերպով գների բարձրացում է նկատվում ամենատարբեր ապրանքների վրա:
«Գների կտրուկ բարձրացումը որոշ մասով բնական է, որոշ մասով՝ ոչ: Այս պահից «օգտվելով»՝ հնարավոր է՝ ավելի բարձր գներ սահմանվեն, որոնք իրականության հետ քիչ աղերսներ ունեն: Նման իրավիճակներում սպեկուլյատիվ երևույթները մեծանում են»,- նշեց տնտեսագետը` հավելելով. «Վատ է նաև ավանդների ապագան: Դրամական ավանդները, մասնավորապես՝ դրամային կամ դոլարային հարաբերակցության պայմաններում, արդեն ակնհայտ ճնշված վիճակում են գտնվում»:
Վարդան Բոստանջյանը բացառեց հայաստանյան բանկերի միավորումը. «Դրամական հոսքերի իրական վիճակը նկատի ունենալով` հնարավոր է՝ որոշակի փոփոխություններ լինեն, բայց ես բացառում եմ բանկերի՝ իրար միանալու գործընթացը: Որոշ բանկեր կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, որոշ բանկեր կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել, որոշ գործառույթներ կարող են հանվել, որովհետև բանկային ինստիտուտը բազմաթիվ գործառույթներ է իրականացնում: Խոսքն ավելի շատ կոսմետիկ փոփոխությունների մասին է»: