Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեցին, որ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:
Տնտեսագետ Զոյա Թադևոսյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ սպեկուլյացիա իրականացվում է արտարժույթի առք ու վաճառքի հիման վրա:
«Այն շուկայում, որտեղ օտարերկրյա արժույթի կուրսը ցածր է, այդտեղից արժույթը գնվում և վաճառվում է այնտեղ, որտեղ արժույթի կուրսը բարձր է: Այսինքն` արժույթի միջոցով են սպեկուլյատիվ գործարքներ իրականացվում:
Խնդիրն այն է, որ նման գործարքներ իրականացվում են այն շուկաներում, որոնք ինտեգրված են համաշխարհային շուկային, և դա իրականացվում է հատկապես ֆոնդային բորսաների միջոցով»,- նշեց տնտեսագետը` հավելելով. «Արժութային սպեկուլյացիաներն իրականացվում են արժութային բորսաներում, դրանք չեն իրականացվում մեր բանկերում: Օտարերկրյա մասնակիցներ և օտարերկյա ագենտներ մեր տնտեսությունում բացառում եմ»: