Համագործակցության հուշագիր՝ Երևանի քաղաքապետարանի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի հետ: Կարևորելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում բյուրոյի հետ ակտիվ փոխգործակցության ձևավորումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ստորագրվելիք հուշագրի շրջանակում այն կլինի երկուստեք շահավետ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո կատարած իմ աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթանալով կառույցի գործառույթներին ու պայմաններին՝ պարզ դարձավ, որ քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում տարատեսակ փորձաքննությունների մասով իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ: Համոզված եմ, որ ստորագրվելիք հուշագրի շրջանակում թե՛ փորձի փոխանակման ու խորհրդատվության և թե՛ կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ կձևավորենք փոխշահավետ համագործակցություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ համագործակցության հուշագրով նախանշված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կմատուցվեն արդյունավետ ու որակյալ խորհրդատվական ծառայություններ:

«Կատարվող տարատեսակ փորձաքննությունների ու տեխնիկական փորձարկումների համար այսօր բյուրոյում կիրառվում են ժամանակակից արդյունավետ հետազոտական մեթոդներ, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ունենանք հաջողված համագործակցություն»,- ընդգծել է Արտաշես Ջավադյանը:

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են մասնագիտական տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել քաղաքաշինության, բնապահպանության, առողջապահության, էլեկտրոնային հաղորդակցության, մշակութային և մի շարք այլ ոլորտներում:




Լրահոս