Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այսօր մեկնել է Բելգիայի թագավորություն` մասնակցելու Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումները կարող են նպաստել եվրոպական ինտեգրմանն ուղղված քայլեր ձեռնարկելուն: «Կարծում եմ, որ մենք պիտի օգտագործենք ցանկացած հնարավորություն, որպեսզի ԵՏՄ-ի կաղապարներից դուրս գանք, սա էլ հերթական փորձն է, ուստի պետք է մենք բոլոր նմանատիպ միջոցառումներին մասնակցենք: Շատ հնարավոր է, որ այս միջոցառումից մտափոխված հետ գա Սերժ Սարգսյանը»,- նշեց Թևան Պողոսյանը: Վերջինս նշեց նաև`քանի որ ինքը դեմ է ԵՏՄ-ին, ուստի ցանկացած նմանատիպ քայլի դրական տեսանկյունից է նայում:
Մեր այն դիտարկմանը, թե մեր երկրում տիրող այս անկայուն վիճակի ֆոնին նման գագաթնաժողովներին մասնակցելն արդյոք տեղի՞ն է, Թևան Պողոսյանն ասաց, որ ԵԺԿ-ին մասնակցությունը մեր երկրի համար նոր հորիզոններ կարող է բացել և ի վերջո դեպի եվրոպական կողմնորոշում ճանապարհ հարթել: