Դեկտեմբերի 14-17-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար Իրան էր մեկնել ՀՀ կառավարության պատվիրակությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում առողջապահության բնագավառում հայ-իրանական համագործակցության հարցերը համակարգելու նպատակով ընդգրկված էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հայկ Գրիգորյանը:
Իրանի կողմից հանձնաժողովը գլխավորում էր էներգետիկայի նախարար պարոն Համիդ Չիթչիանը:
Համատեղ նիստը բացվեց երկու նախարարների զեկույցներով և կատարված աշխատանքի մասին հաշվետվությամբ: Այնուհետև երկու օրվա ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հարցերը` հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստորագրման ենթակա փոխըմբռնման հուշագրում ներառելու նպատակով:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի նախագահների կողմից ստորագրված փաստաթղթեր, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի ամփոփիչ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվելուց հետո երկու երկրների առողջապահության նախարարությունները երեք ամսվա ընթացքում կմշակեն առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման նոր հուշագիր:
Իրանի առողջապահության նախարարությունում` երկրի առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմին համառոտ ներկայացվեցին Իրանի առողջապահության և բժշկական կրթության համակարգերը: Քննարկվեց իրանական կողմից ներկայացված միջգերատեսչական Փոխըմբռնման հուշագրի նախնական տարբերակը:
Հայկական պատվիրակության նախաձեռնությամբ կայացան այլ հանդիպումներ: Պատվիրակության անդամները ծանոթացան «Մեհրադ» և «Ավետ Ավետիսյան անվան» բժշկական կազմակերպությունների կառուցվածքին, աշխատանքների ղեկավարման սկզբունքներին, հիվանդանոցի հագեցվածությանը, ֆինանսավորման մեխանիզմներին: Ավետ Ավետիսյան բժշկական ամբուլատորիան, որ ղեկավարում է տիկին Մարիետա Թունյանսը, ակտիվ դեր է խաղում հայ և իրանցի հիվանդների շուրջօրյա ամբուլատոր բժշկական սպասարկման ասպարեզում` ստանալով նաև Իրանի հայ առաքելական եկեղեցու օժանդակությունը:
Համագործակցության տեսանկյունից հետաքրքիր էր նաև այցելությունը Իրանի ոսկրածուծի փոխպատվաստման Թալեղանի բժշկական կենտրոն, ուր կատարվում են ոսկրածուծի փոխպատվաստման բարդ վիրահատություններ: Այս կենտրոնում երեք հիվանդ է վիրահատվել նաև Հայաստանից: Հաշվի առնելով վիրահատությունների և բժշկական սպասարկման բարձր մակարդակը, այս կենտրոնի հետ համագործակցությունը հետքրքրություն կարող է ներկայացնել Հայստանի համար: