Ինչո՞ւ է Քաղաքապետարանը համայնքների հաշվին «ուտուշ-խմուշ» անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ ՀՀ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե դրամն ի վերջո ինչ վիճակում կհայտնվի, և գները որքան կշարունակեն տատանվել, Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ամանորյա տոնակատարություններ եւ իրենց աշխատակիցների համար քեֆ-ուրախություններ կազմակերպելու նպատակով պայմանագրեր կնքել:

Երեւանի քաղաքապետարանի հրապարակած պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 10-ին միանգամից հինգ պայմանագիր է կնքվել տարբեր ընկերությունների հետ, որոնք բոլորը վերաբերել են Ամանորի տոնակատարություններին: Օրինակ՝ պայմանագրերից մեկով Էրեբունի վարչական շրջանում տեղադրվելիք տոնածառի զարդարման համար կծախսվի 5 միլիոն դրամ:

Մեկ այլ պայմանագրով էլ նախատեսվում է 7 միլիոն դրամ հատկացնել «տոնական, գեղարվեստական-մասսայական թատերականացված շրջայց-միջոցառում» կազմակերպելու համար: Իսկ «մայր» միջոցառումը պետք է կազմակերպվի Սասունցի Դավիթ հրապարակում: Վերը նշված հինգ պայմանագրերից ամենաուշագրավը, սակայն, «Ամանորյա միջոցառման կազմակերպում աշխատակիցների համար» կնքված փաստաթուղթն է: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը 2 միլիոն դրամ կվճարի «Վարդան Սեդրակյան» անհատ ձեռներեցին, որպեսզի վերջինս 200 աշխատակիցների համար հյուրասիրություն կազմակերպի: Ի դեպ, հայտարարության մեջ հստակ նկարագրված է «ուտուշ-խմուշի մենյուն»:

Մեջբերենք մի քանի հատված. «Սառը խորտիկներ` երշիկ ապխտած, ֆիլե, բաստուրմա, սուջուխ, աղցաններ` «Ցեզար», փաթաթած սմբուկ, բուլղարական, տաք ուտեստներ` խորոված խոզի, կարտոֆի, տապակած ձուկ, եփած ստերլյադ, հավի ճուտ` տապակած… խմիչքներ` կոնյակ հայկական, առնվազն 10 տարվա պահպանման, օղի` ռուսական արտադրության, բարձրորակ…»:

Ինչպես տեսնում եք՝ մարդիկ համայնքի միջոցներով ոչ միայն տոնածառ են ձեւավորում, այլեւ իրենց համար տեղը-տեղին «քեֆեր» են կազմակերպում: Չնայած, հայտարարությունում նշված չէ, թե այդ «200 աշխատակիցները» քաղաքապետարանի որ կառույցն են ներկայացնում, բայց ակնհայտ է, որ խոսքը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կամ այլ կերպ ասած՝ Էրեբունու թաղապետարանի աշխատակիցների մասին է խոսքը: Ի դեպ, նշված հինգ պայմանագրերից մեկը վերաբերում է Մալաթիա-Սեբաստիային, ըստ այդմ, 2 միլիոն 710 հազար դրամ կվճարվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու փողոցի եղեւնիների ձեւավորման համար:

Երեւանի քաղաքապետարանի հրապարակած հայտարարության համաձայն՝ «Աֆրիկյանների պանդոկ» ՍՊԸ-ն 2 միլիոն դրամի դիմաց պետք է կազմակերպի քաղաքապետարանի, իսկ ավելի կոնկրետ՝ Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցների` թվով 260 հոգու հյուրասիրությունը: Բացի այդ՝ 2 միլիոն 750 հազար դրամ կվճարվի Կարապի լճի մոտ սառցե տնակ պատրաստելու համար, 4 միլիոն 800 հազար դրամ կվճարվի 10 շենքերի վրա ամանորյա թեմաներով պրոեկցիաներ կազմակերպելու համար, մեկ միլիոն 400 հազար դրամ էլ կվճարվի ինչ-որ մոմերի ձեւավորման համար:

Նման պայմաններում, ի՞նչ եք կարծում, որքան գումար է հատկացվել բարեգործական ճաշարանին: Դժվար թե որեւէ մեկն այդ թիվը կռահի. 360 հազար դրամ: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը թաղապետարաններից յուրաքանչյուրի կոլեկտիվի «ուտուշ-խմուշի» համար երկու միլիոն է հատկացնում` բարձրակարգ ռեստորանային համալիրներում Ամանոր նշելու համար, իսկ բարեգործական ճաշարանին՝ ընդամենը 360 հազար դրամ: Ի դեպ, այս դեպքում էլ «մենյուն» հստակ գրված է, եւ ինչպես կարելի էր կռահել՝ ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքապետարանի աշխատակիցների համար կազմակերպվող «ուտուշ-խմուշների մենյուի» հետ:

Հարց է ծագում՝ եթե Երեւանի քաղաքապետարանն իր աշխատակիցների համար համայնքի միջոցներով «ուտուշ-խմուշներ» չկազմակերպի եւ այդ գումարները հատկացնի հենց նույն բարեգործական ճաշարանին, ապա արդյո՞ք դրանից շատ կտուժեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալները: Մի պահ մոռանանք այն մասին, որ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալները, քաղաքապետարանի վարչության պետերն իրենց պաշտոնավարման շրջանում բոլորը միլիոնատերեր են դարձել, եւ համարենք, որ նրանք աշխատավարձով ապրող պետական ծառայողներ են, այնուամենայնիվ, ինչու պետք է նրանք իրենց ամանորյա «քեֆը» համայնքի միջոցների հաշվին կազմակերպեն: Ընդ որում՝ սուղ միջոցների հաշվին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս