Գործող Սահմանադրությունը փոփոխելուն միտված քայլերի համատեքստում առանցքային նշանակություն ունի Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի մշակած ու հրապարակած հայեցակարգը: Վերջինիս խոստանում է լինել այն նախահիմքը, որի հիմամբ պետք է կառուցվի ապագա Սահմանադրությունը: Սույն փաստաթղթի «Ներածություն» բաժնում հանդիպում ենք բավականին ուշագրավ մոտեցման՝ կապված Հայաստանի քաղաքական համակարգի գերանձնավորվածության ու գերկենտրոնացվածության հետ: Թեպետ հայեցակարգը գերանձնավորվածությունն անուղղակիորեն պայմանավորում է սահմանադրական անհրաժեշտ երաշխիքների բացակայության հետ, ստորեւ փորձենք հասկանալ, թե որքանով կարող է հիմնավոր թվալ նման պնդումը:
Հայեցակարգում արձանագրված է, որ.«Սահմանադրորեն հաղթահարված չեն Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի գերանձնավորվածությունն ու գերկենտրոնացվածությունը: Ակնհայտ անհամամասնություն կա սահմանադրական տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի եւ նրանց քաղաքական պատասխանատվության միջեւ»: Հատկանշական է, որ փաստաթղթում ներառված այս պնդումը բավականին հրատապ ու արդիական է՝ հիմնված տիրող իրականության վրա:
Այդուհանդերձ, չենք կարող միանշանակորեն համաձայնել, որ սահմանադրական թերությունն է այն գլխավոր պայմանը, որի շնորհիվ Հայաստանում քաղաքական համակարգը գերանձնավորված է ու գերկենտրոնացված: Նախ եւ առաջ արձանագրենք, որ անձնավորված քաղաքական համակարգը նորություն չէ, քանզի անկախության համար մղվող պայքարում դրսեւորվում են հենց անհատները, ովքեր էլ իրենց գործունեության ընթացքում կերտում են քաղաքական իրականությունը: Բավական է հայացք ձգել Ամերիկայի Անկախության պատերազմին, որտեղ հիմնադիր հայրերի գործոնը երկար ժամանակ թելադրող դեր էր կատարում եւ սկզբնական էտապում համակարգին տալիս էր գերանձնավորված կերպավորում:
Անկախության առաջին սերնդի կողմից համապատասխան երաշխիքների ստեղծման արդյունքում է, որ արդեն երկրորդ սերնդի մոտ գերանձնավորված համակարգը սկսում է խարխլվել: Բնականաբար, անձի դերը, պայմանավորված նրա անձնական հատկանիշներով եւ տիրապետած ռեսուրսներով, կառավարման համակարգում մշտապես մեծանշանակ է եղել: Տարբեր գնահատականներով՝ Հայաստանում իրական քաղաքական մրցակցություն տեղի է ունեցել միայն «Ղարաբաղ» կոմիտեի երկու առաջնորդների միջեւ: Պետության հիմնադրույթները ստանձնած այս մարմինն օրինաչափորեն պիտի պառակտվեր, եւ դրա դոմինանտ հոսանքների միջեւ պայքար սկսվեր իշխանության համար:
Ուշագրավ է, որ մեզ մոտ բնական այդ ընթացքը երկար չպահպանվեց՝ շեղումն արձանագրելով 1998 թվականին: Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել ԱՄՆ-ի հետ, որտեղ Համիլթոնի եւ Ջեֆֆերսոնի մրցակցությունը (ոչ այնքան անձնական, որքան աշխարհայացքային տարբերություններով) հանգեցրեց այսօր գործող քաղաքական համակարգին, ապա մեզ մոտ էլ նման իրավիճակ հնարավոր էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի դիմակայության արդյունքում: Այս համատեքստում լիովին տրամաբանական պիտի լիներ, որ Տեր-Պետրոսյանի կառավարումն ավարտվեր 2001թ., ինչին էլ հաջորդեր Մանուկյանի նախագահությունը՝ պատմության հաջորդական ընթացքը չկասեցնելու համար: Արդ, քաղաքական ընդդիմության բանաձեւը, որ ԱՄՆ-ում հղացել էր Թ. Ջեֆֆերսոնը, մեզ մոտ իրականություն չդարձավ, քանզի իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը մտավ ապագաղափարական եւ ապաքաղաքական ցիկլի մեջ:
Ինչեւէ, այլ խնդիր է, որ կառավարման բնագավառում անձն առաջնորդվում է պետական շահերով՝ սեփականն առժամանակ մի կողմ դնելով: Նման պարագայում, սակայն, ոչ մի սահմանադրական երաշխիք չի կարող լրջագույնս ազդել իրավիճակի վրա: Ի վերջո, ներկայիս Սահմանադրությունն առնվազն սահմանում է իշխանության տարբեր թեւերի առկայությունը եւ տրամաբանության հիմքում տեսնում դրանց հակակշռի գործառույթները:
Ահավասիկ, մի՞թե Հայաստանում կգտնվի մի բանական անձնավորություն, որ կպնդի, թե վերջին ավելի քան 15 տարիներին խորհրդարանը երբեւէ կատարել է գործադիր իշխանության նկատմամբ իր հակակշռի գործառույթը: Եվ, ահա, արդյո՞ք նման իրավիճակի գլխավոր մեղավորը ՀՀ Սահմանադրությունն է, երբ ԱԺ-ի մեծամասնությունը բացարձակ կախվածության մեջ էր սկզբում Ռ. Քոչարյանից, իսկ այսօր՝ Սերժ Սարգսյանից:
Այսօր անժխտելի է, որ ԱՄՆ պետական համակարգը աշխարհի՝ հավանաբար ամենահաջողված զսպումների ու հակակշիռների ամբողջությունն է, որտեղ կոնգրեսի ու նախագահի միջեւ բալանսը հազվադեպ է խախտվում: Արդ, այդ դեպքում կարելի էր ոչ թե պետական բյուջեի՝ առանց այն էլ սուղ միջոցները վատնել՝ ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելու, փաստաթղթեր հեղինակելու ու մարզերում դրանք տարածելու անպտուղ ջանքերի վրա, այլ պարզապես թարգմանել ԱՄՆ Սահմանադրությունը եւ ունենալ «իդեալական» իրավիճակ:
Ի դեպ, Դոմինիկյան Հանրապետությունը ժամանակին փոխառեց ամերիկյան մոդելը եւ պետակառավարման հարաբերություններում փորձեց ներդնել նույն մեխանիզմները: Անշուշտ, սահմանադրական նորմերի կրկնօրինակումը ոչ մի գործնական նշանակություն չունեցավ, քանզի պետության խնդիրն ամենեւին էլ Սահմանադրության մեջ չէր: Ահա, նման օրինակները կարող են մեզ պես երկրների համար դրական փորձառնություն հանդիսանալ:
Ամփոփելով հարկ ենք համարում նկատել, որ քաղաքական կառավարման համակարգը գերանձնավորված ու գերկենտրոնացված վիճակից հանելու համար առաջին հերթին ոչ թե պետք է Սահմանադրություն փոփոխել, այլ պարզապես նպաստել համակարգի քաղաքական դառնալուն: Վերջին 15 տարիներին քաղաքական համակարգի հետեւողականորեն ամայացման եւ այլասերման փոխարեն, պետք էր նպաստել դրա առողջացմանը: Այլախոհության ու հակադիր կարծիքի առկայությունը չհանդուրժելը, քաղաքական հակառակորդներին արտաքսելն ու բանտ նետելը, պետական ունեցվածքը սեփական բարեկեցության համար ծառայեցնելը հաստատապես չեն կարող հաղթահարվել լոկ սահմանադրական լուծումներով:
Նժդեհ Հովսեփյան